Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն, փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են ու ջերմ:
Լիբանանում Հայաստանի դեսպանության բակում, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակում իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ակցիա. հայ ժամանակակից արվեստը ներկայացնող նկարիչներ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը եւ Արմեն Գեւորգյանը լիբանանյան հողի վրա ավարտել են հայ-լիբանանյան մշակութային կապերին նվիրված, տասներկու կտավներից կազմված մեկ միասնական գործ, որ սկսվել էր հայկական հողից: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն նվիրել է Լիբանանի խորհրդարանին եւ կառավարությանը` ի նշան հայ-լիբանանյան ջերմ բարեկամության:
Ավարտելով պաշտոնական այցը Լիբանան` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների խնդրանքով անդրադառնալով այցի արդյունքներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս տարի Հայաստան են այցելելու Լիբանանի խորհրդարանի նախագահն ու վարչապետը, եւ նման փոխայցելությունների արդյունքում հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն: