ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկայացված 600 ստեղծագործություններից ցուցադրման համար ընտրվել են 250-ը: Դրանցից մի քանիսը պետությունը ձեռք կբերի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նկարիչների միության նախագահի ուղեկցությամբ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շրջել է սրահներով` ծանոթանալով Հայաստանի եւ սփյուռքի արվեստագետների` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը վերաբերող աշխատանքներին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել արվեստագետներ ու արվեստասերներ, հասարակական, քաղաքական գործիչներ: