Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետին ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման հետեւանքով վերջինիս կողմից 41 քառ. կմ օկուպացված լինելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ երեկվա գործողությունների հետեւանքով բալանսը չի փոխվել: Մինչեւ այդ էլ է այդքան եղել: Վարչապետը նշել է, որ այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կմ-ը լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից: Ըստ նրա՝ մայիսի 12-ից հետո գործընթացի հետեւանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր ԶՈՒ դիրքերը շախմատաձեւ դասավորված են, երբեմն՝ մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձեւերով մխրճված: Ըստ գործադիրի ղեկավարի՝ հիմա կարեւոր է դաշտը ճիշտ պատկերացնել:
«Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հանգամանքների բերումով է շատ կարեւորվում սահմանազատման-սահմանագծման գործընթացը: Երբ ասում ենք, որ ՀՀ տարածքներից Ադրբեջանն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջին վիճակագրական միջազգային հանրության ներկայացուցիչն ասում է՝ դա միանշանակ չէ, Ադրբեջանից էլ կան տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են: Ադրբեջանի երեկվա ներխուժման հետեւանքով բալանս չի փոխվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: