Մեր բոլոր պատկերացումները՝ տնտեսական, ոլորտային, քաղաքական, պետական բյուջեի նախագծում արտացոլված են: Հիմնական շեշտադրումներով եւ այս կառուցվածքով հնարավոր կլինի 2023 թ. մեր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թ. նախատեսված է հատկացնել 334,6 մլրդ դրամ, որի շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: 203,8 մլրդ դրամը կհատկացվի կապիտալ բնույթի ծախսերին եւ այլն:
Փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների համար գալիք տարում նախատեսված հատկացումները:
Ըստ այդմ՝ տրանսպորտի ոլորտին կհատկացվի 119,6 մլրդ դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 32 միջոցառումով: Էներգետիկայի ոլորտին կհատկացվի 27,6 մլրդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր՝ 14 միջոցառումով:
50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը: Նախարարությունն իրականացնելու է նաեւ ճանապարհաշինական, ճանապարհների վերանորոգման եւ այլ ծրագրեր: