2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ. ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ըստ նրա՝ նշված գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի նպատակն է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի զարգացումը, պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը եւ պաշտպանությունը:
Գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է շարունակել երկրատեղեկատվական համակարգում բնակավայրերի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները, օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերը, համայնքների կադաստրային թաղամասերի ուղղման նպատակով լրացուցիչ կետերի դիտարկման եւ թաղամասերի արտաքին սահմանների ամբողջական ուղղման աշխատանքները:
Պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ ներկայումս հանրապետությունում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն «Սա լավ չէ, սակայն ունենք այն, ինչ ունենք, եւ մենք պետք է գտնենք լուծումներ»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, նշել է, որ «Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում եւ կանոնակարգում» ծրագրի շրջանակում 2023 թ. համար նախատեսվել է շուրջ 2 մլրդ 30 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը՝ 685 մլն: Ծրագրի նպատակն է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, տարածքների եւ բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացումն ու դրան նպաստող համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Նշված նպատակին հասնելու համար իրականացվելու են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման 28 փաստաթղթերի մշակման աշխատանքներ. Լոռու մարզի՝ 14, Կոտայքի մարզի՝ 10, Շիրակի մարզի՝ 4:
Մշակվելու եւ տեղայնացվելու է 18 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ:
Կմեկնարկեն Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման, Շիրակի մարզի Աշոցք համայնքում նոր բնակելի թաղամասի նախագծման, ինչպես նաեւ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:
Նախատեսվում է ապահովել կարեւորագույն նշանակության շենքերի եւ շինությունների անվտանգ եւ մատչելի շահագործումը: Նպատակային թիրախներն են Երեւան քաղաքում եւ մարզերում տեղակայված այն օբյեկտները, որոնք առավել օգտագործելի կամ շահագործելի են հանրության կողմից: 2023 թ. ընթացքում նշված ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի 29 կարեւորագույն նշանակության շենքերի տեխնիկական վիճակի զննության եզրակացությունների եւ շենքերի անձնագրերի ձեռքբերում:
Արմեն Ղուլարյանի հավաստմամբ իր գլխավորած կառույցը քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման շուրջ գործակցում է Կադաստրի կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի հետ: