National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
02.04.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 8

Ապրիլի 2-ին տեղի ունեցան ՀՀ  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց եւ երաշխավորեց դրական եզրակացությամբ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկել «Հայաստանի Հանրապետության 2010 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Ներկայացնելով կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  տեղեկացրեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին արտահերթ կարգով ԽՍՀՄ Խնայբանկում ավանդադրված գումարները փոխհատուցելու մտադրության մասին: Այսօրինակ նախաձեռնություն կա նաեւ խորհրդարանում, եւ կառավարությունը որոշել է, ի նշան հարգանքի, փոխhատուցել նշված գումարները:

Նախարարը նշեց, որ նախաձեռնությունը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներից մեկն է: Միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովը ծրագրել է այս տարի իրականացնել թե մշակութային, թե  սոցիալական աջակցության  նախագծեր:  Բյուջեի մասին օրենքը փոփոխելով` նախատեսվում է շուրջ 800 մլն. դրամ ուղղել պատերազմի 3500 մասնակիցների ավանդներն առաջնահերթ փոխհատուցելու նպատակով: Նախարարը նշեց, որ վետերանների տարիքը հատկապես է պարտավորեցնում հնարավորին չափ շուտ փոխհատուցել այդ գումարները:

Կառավարությունը հարցը հրատապ է համարել եւ խորհրդարանին կառաջարկի այն ընդունել հատուկ կարգով` առաջիկա քառօրյայի ընթացքում ընդունելով թե առաջին եւ թե երկրորդ ընթերցումներով: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց  «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ        կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանի տեղեկացմամբ` ներկայացվող նախագծով առաջարկվում է փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել, որի համաձայն` փոստային կապի ծառայությունները բաժանվում են փոստային կապ եւ սուրհանդակային կապ ծառայությունների, ինչպես նաեւ առաջարկվում է մատուցվող ծառայությունների ցանկում ավելացում` սուրհանդակային կապի ծառայությունների եւ մաքսային բրոկերի ծառայությունների մասով: Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման լիցենզավորումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել լրացուցիչ մասնավոր ներդրումներ եւ ապահովել այդ տեսակի ծառայությունների շուկայում առողջ եւ հավասար մրցակցություն: Օրենքի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի բնագավառում հակամենաշնորհային  քաղաքականության եւ հավասար մրցակցության ապահովում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության ապահովում, փոստային կապի բնագավառի բարելավում` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում եւ համապատասխանեցում Եվրոպական երկրներում գործող փոստային ոլորտի օրենսդրությանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Ռուզաննա Առաքելյանի հեղինակած  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» (16 հունիսի 1997թ.) ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի նպատակը կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մի խումբ ապրանքների ներկրման դեպքում ԱԱՀ գումարների վճարման հետաձգման հնարավորության ընձեռումն է:

Այդ դրույթը  ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներ եւ դժվարություններ է առաջացնում այն գործարարների համար, որոնք ներկրում են ապրանքներ իրացման համար եւ  չեն պատրաստվում օգտվել  հետաձգման հնարավորությունից:

Առաջարկվում է օրենքում նախատեսել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հետաձգումից հրաժարում եւ հարկի վճարում սահմանին` որպես մաքսային մարմիններին վճարվող ԱԱՀ գումար:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նույն հոդվածի երկրորդ մասին: Առաջարկվում է այդ մասը վերախմբագրել վերջին երկու խմբագրումների համադրությամբ` մասամբ վերադառնալով այն ձեւակերպմանը, որն ընդունվել էր 2008 թվականի դեկտեմբերին` համալրելով այն 2009 թվականին ներառված որոշ դրույթներով:

Օրենքի համահեղինակ Արա Նռանյանի գնահատմամբ`  օրենքի ընդունումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, ինչպես նաեւ կհեշտացնի հարկային մարմինների եւ գործարարների գործունեությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված երկու օրինագծերին առաջիկա եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), « Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին»,   «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  (օրինագծերի փաթեթ), «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Հարկերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ: 
  
Հեղինակների առաջարկով հանձնաժողովը հետաձգեց 10 օրինագծերի քննարկումը: 
  
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը:

ՀՀ կառավարությունն առաջարկում էր ԱԺ նախորդ քառօրյա նիստում առաջին ընթերցմամբ քննարկված, բայց դեռ չքվեարկված այս օրինագծի` առաջին ընթերցմամբ  ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Առաջարկն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: 
  
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցումամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի, Գագիկ Մինասյանի, Արտակ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Արա Բաբլոյանը նշեց, որ  ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել անվճար եւ արտոնյալ պայմաններով բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար փոխհատուցման տրամադրումը` պետական բյուջեի միջոցների հաշվին: Տեղեկացվեց, որ առողջապահության ոլորտում պետության կողմից սահմանված առաջնահերթություն է բժշկական ծառայությունների, դեղերի եւ պարագաների մատչելիությունը եւ հասանելիությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարության կողմից սահմանվել են մի շարք բժշկական ծառայություններ, որոնք ամբողջովին տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Արա Բաբլոյանը նշեց, որ կառավարությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել օրենսդրական փաթեթի առնչությամբ,  որոնց մեծ մասը հանձնաժողովի կողմից ընդունելի է:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ  կառավարության  դրական եզրակացությունը  ներկայացրեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դանիելյանը :

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: 
  
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Արամ Սաֆարյանի նախագահությամբ, քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած «2009 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

Արմեն Հարությունյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ 2009թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 4683 անձանցից ստացել է 3783 դիմում-բողոք, որից 1147-ը՝ գրավոր (դրանցից 42-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 942 դիմումատուի կողմից), իսկ 2636-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 78 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 378 անձանց խախտված իրավունքը:

2009թ. ընթացքում պաշտպանին ուղղված դիմում-բողոքների կեսից ավելին ստացվել են պաշտպանի կամ նրա աշխատակազմի լիազոր անձանց կողմից մարզեր, պետական հիմնարկներ եւ կազմակերպություններ կատարած այցելությունների ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները վերաբերել են քաղաքացիական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը, զինծառայողների,  քրեական դատավարության ոլորտում անձանց իրավունքների ապահովման հիմնահարցերին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2009թ. ընթացքում նույնպես հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիների ընդունելության կազմակերպմանն ու անցկացմանը: Հաշվետու ժամանակահատվածում իր աշխատակազմում պաշտպանն ընդունել է 110 քաղաքացիների: Բացի այդ, քաղաքացիների ընդունելություններ են կազմակերպվել պաշտպանի` ՀՀ մարզեր կատարած այցերի ընթացքում:

Հանձնաժողովը որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», մինչեւ 60 օրով` «Բռնադատվածների մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կա՟տա՟՟՟րե՟լու մասին» ու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: 

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծի համահեղինակ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը իրավունք վերապահել, համաձայն  որի` միջազգային պայմանագրերի  կնքման ընթացքում, կնքման որեւէ փուլում, քանի դեռ միջազգային պայմանագիրն ուժի մեջ չի մտել, ՀՀ-ն իրավունք ունենա միակողմանիորեն չեղյալ հայտարարել պայմանագրային գործընթացը:

Պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ այս դրույթն արդեն ամրագրված է վերջերս ընդունված մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն նշեց նաեւ, որ ՀՅԴ նախաձեռնությունն ավելի վաղ էր նախաձեռնվել եւ դրվել շրջանառության մեջ:

Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի հաստատման կամ վավերացման ժամանակ վերապահում անելու հիմքերը, ինչը ըստ հեղինակների, ՀՀ  օրենսդրությամբ խիստ սահմանափակված է: Մյուս փոփոխությամբ հեղինակներն առաջարկում են միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ վերապահում սահմանելու իրավունքն ընձեռել ինչպես հանրապետության Նախագահին, այնպես էլ ՀՀ Ազգային  ժողովին: Ըստ հեղինակների, այս խնդիրը կարեւոր է իշխանության մարմինների միջեւ լիազորությունների  տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սկզբունքի լիարժեք գործադրման համար: Գործող օրենսդրությամբ այդպիսի իրավունք տրված չէ խորհրդարանին, ինչը հեղինակների համոզմամբ, թուլացնում է օրենսդիր մարմնի դերակատարությունը երկրի համար կարեւորագույն հարցերում մասնակցություն ունենալու եւ արտաքին քաղաքականությանն առավել ճկունություն հաղորդելու հարցում:

ՀՀ կառավարության բացասական կարծիքը փոփոխությունների վերաբերյալ ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշելով, որ մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը դադարեցնելու հետ կապված հարցն արդեն իսկ  լուծվել է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ, մյուս փոփոխություններն էլ հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ ընդունման դեպքում կսահմանափակեն արտաքին քաղաքականության ճկունությունը:

Պատգամավոր Վազգեն Կարախանյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում եւ քաղաքական  կոալիցիայում. երկու դեպքում էլ նախագծերն արժանացել են բացասական կարծիքի:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի բացասական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային  նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնության հեղինակ Լարիսա Ալավերդյանի առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգեց «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի /հետագայում` ԼՂՀ-ի/ բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հարցի քննարկումը: 
  
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որում, ինչպես տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, կատարվել են լրամշակումներ, ընդունվել է առաջարկների մեծ մասը:

Օրինագծով տեղական հարկատեսակներ կհամարվեն նաեւ հյուրանոցային հարկը եւ տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը, որոնց վերաբերյալ կառավարությունը կմշակի եւ կներկայացնի առանձին օրենսդրական նախաձեռնություններ:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Դրական եզրակացությամբ ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում կընդգրկվեն կառավարության ներկայացրած նույնանուն` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը` առաջին ընթերցմամբ:

Հեղինակի` ՀՀ կառավարության առաջարկով մինչեւ 90 օրով հետաձգվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «ՀՀ բյուջետային  համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: 
  
Տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Առաջին ընթերցումով քննարկվեց  Դավիթ Հարությունյանի  հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ մասին եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Օրինագծով առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել կասեցնելու իր վարույթում գտնվող քրեական գործի վարույթը իր կողմից կիրառման ենթակա որեւէ նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ եւ եթե օրենքով նախատեսված դեպքերում կասեցվել է քրեական գործով վարույթում կիրառման ենթակա իրավական ակտի գործողությունը:

Հանձնաժողովը որոշեց օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի, Արա Նռանյանի եւ Վահան Հովհաննիսյանի  օրենսդրական նախաձեռնությունը, ըստ հեղինակների, կբարձրացնի երկրի անվտանգության եւ պաշտպանունակության մակարդակը ու կապահովի սահմանամերձ շրջաններում հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց օրինագիծը լրամշակելու նպատակով հետաձգել մինչեւ 30 օրով:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած մեկ այլ` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հեղինակներն առաջարկում են նոյեմբերի 22-ը պաշտոնապես ամրագրել «Հայրենատիրության օր»: Նշվեց, որ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշելու հայցադիմումի պահանջներն ամրագրվել են 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական փաստաթղթով, որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստանի իրական սահմանները: Ըստ համահեղինակ Արծվիկ Մինասյանի` այդ սահմանները հաստատվել են միջազգային իրավունքով, հետեւաբար որպես դատական գործիք` այն դեռեւս ուժի մեջ է:

Հարակից զեկույցում Հովհաննես Սահակյանը, «Հայրենագիտության օր» գաղափարին դեմ չլինելով, առարկություններ ուներ նոյեմբերի 22-ը այդպիսի օր հռչակելու տեսանկյունից: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրինագծի ընդունումը: Նա կարեւորեց հարցը բազմակողմ ուսումնասիրելու նպատակով քննարկումների կազմակերպումը գիտնականների եւ հանրության շրջանակներում, ինչը դեռեւս չի արվել: Օրինագծի առնչությամբ հանձնաժողովը որոշեց չներկայացնել դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի զեկուցմամբ երկրորդ ընթերցումով քննարկվեց մի խումբ ԱԺ պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչի առնչությամբ հանձնաժողովը ներկայացրեց դրական եզրակացություն` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով Վրաստանի Հանրապետության  Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված կամ բնակվող  հայազգի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու:

Կառավարության բացասական տեսակետը հարցի առնչությամբ ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Պարոն Քոչարյանը համամիտ չէ հեղինակի այն տեսակետի հետ, թե օրինագծի ընդունումը կնպաստի Ջավախքի հայապահպանությանը:

Որոշվեց հարցի առնչությամբ քննարկումները շարունակել հանձնաժողովի հաջորդ նիստում:

Առաջին ընթերցումով ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց իր, Վարդան Բոստանջյանի եւ Արտակ Դավթյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակը նշեց, որ օրինագիծը կոչված է վերացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերի միջեւ եղած անհամապատասխանությունները:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որի համաձայն 2009 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» 2001 թ. հուլիսի 27-ին ընդունված օրենքը:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերն ընդգրկել ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը հեղինակի առաջարկով հանվեց շրջանառությունից:

Հանձնաժողովը որոշեց ապրիլի 9-ին` ժամը 11-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ` ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


  
  
  
  
  
  
  
  
 


02.04.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  ապրիլի 6-8-ի  ԱԺ չորսօրյա նիստե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am