National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.04.2010
Խորհրդարանական լսումներ` Ազգային ժողովում
1 / 5

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու համար «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի ներկայացրած օրինագծերի փաթեթը: Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ քննարկումների նպատակն է շահագրգիռ կողմերի առաջարկների հիման վրա առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի փաթեթը լրամշակել:

Հիմնական զեկույցում օրենսդրական փաթեթի համահեղինակ Հովհաննես Սահակյանը նշեց, որ փաթեթը տարբեր ձեւաչափերով քննարկվել է եւ հերթական քննարկումը այն լրամշակելու հնարավորություն կտա: Համառոտ ներկայացնելով փոփոխությունները` պարոն Սահակյանը նշեց, որ դրանք նպատակ ունեն վիրավորանքի կամ զրպարտանքի համար հոդվածներն ապաքրեականացնել, քրեաիրավական հարթությունից տեղափոխել քաղաքացիաիրավական ոլորտ, սահմանել տուգանք վիրավորանքի եւ զրպարտանքի համար: Հեղինակն ընդգծեց, որ օրինագծերով բարոյական վնասի հատուցման ինստիտուտն է ներդրվում:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ստացված առաջարկների հիման վրա լրամշակվել է: Պարոն Շահբազյանը շեշտեց, որ պետք է բացառվեն մարդկանց վիրավորելու եւ զրպարտելու դրսեւորումները, որոնք կան մեզանում: Օրենսդրական կարգավորմամբ վիրավորանքը` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, ինչը, ըստ պարոն Շահբազյանի, հարաբերական է. մի դեպքում որեւէ հրապարակային արտահայտություն կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում` ոչ:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները եւ ոլորտի պատասխանատուները: Ըստ Արծվիկ Մինասյանի` անձի արժանապատվության եւ խոսքի ազատության միջեւ առանց բալանսավորում ստեղծելու հնարավոր չէ ունենալ քաղաքացիական ճիշտ հարաբերություններ: Պատգամավորը նշեց սակայն, որ նշյալ բալանսավորումը չպետք է լինի բացարձակ ապաքրեականացման տիրույթում: Նրա համոզմամբ` հասարակության մեջ լրատվամիջոցների դերի բարձրացումը եւ պատասխանատու լրագրողների առկայությունը կարող են նպաստել կայուն, վստահելի եւ իրավունքների փոխադարձ պաշտպանությամբ համակարգի ձեւավորմանը: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց զրպարտանքի եւ վիրավորանքի համար հոդվածների ապաքրեականացումը, քանի որ անընդունելի է, որ որեւէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի իր հայտնած կարծիքի համար, եթե անգամ այն պարունակում է վիրավորանք եւ զրպարտանք: Տիկին Զոհրաբյանը գտնում է, որ պետք է օրենսդրական փաթեթով հավասարակշռություն լինի մարդու բոլոր իրավունքների միջեւ: Նրա կարծիքով` օրենսդրական փաթեթը պետք է վերստին ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվի, այնուհետ ներկայացվի խորհրդարանին` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, դեմ չլինելով զրպարտանքի եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացմանը, գտնում է, որ միեւնույն ժամանակ դա չպետք է «դամոկլյան սուր» դառնա կարծիք հայտնողների համար: Նրա գնահատմամբ` ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է մրցակցության իրական հնարավորություն եւ գործունեության դաշտ ստեղծել լրատվամիջոցների համար: ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով հնչեցված տարաբնույթ տեսակետներին, նշեց, որ օրինագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, ինչով պայմանավորված էլ հեղինակները  վերստին Վենետիկի հանձնաժողով ուղարկելու անհրաժեշտություն են տեսնում: Պարոն Նահապետյանը չի պատկերացնում այնպիսի կատարյալ օրենք, որը կարողանա լիովին հստակեցնել ոլորտում առկա խնդիրները:  Օրենքի համահեղինակ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ գործող օրենսդրությունը սահմանափակ մեխանիզմներ ունի, հնարավորություն չի տալիս կանխելու զրպարտությունը եւ վիրավորանքը: Նա հավելեց, որ հեղինակները պատրաստ են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ստացված առաջակների հիման վրա օրինագծերը լրամշակել եւ կատարելագործել: ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի պնդմամբ` հնարավոր չէ այնպիսի կատարյալ սահմանում տալ, որը ամբողջովին կլուծի խնդիրները: Ըստ պարոն Հարությունյանի` անձի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու սահմանագիծը փոփոխական է, օրենսդրորեն հնարավոր չէ ամրագրել, այն կարգավորվում է դատական գործընթացներով: Դավիթ Հարությունյանն կարեւորեց օրինագծերը լրամշակելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ հեղինակները օրինագծերը մշակելիս հաշվի չեն առել մեր երկրի առանձնահատկությունները, լրատվամիջոցների տեսակետները եւ լրագրողների ինքնակառավարման մեխանիզմների զարգացման միտումները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն առաջարկեց հարցի քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ: Նրա կարծիքով` զանգվածային լրատվության միջոցով զրպարտության դեպքում զանգվածային լրատվություն իրականացնողի կողմից նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով տուգանքը պետք է նվազեցնել: «Ազատ հասարակություն» հ/կ նախագահ Էդգար Հակոբյանն առաջարկեց հեղինակներին օրենքի ընդունումից եւ գործնական կիրառումից հետո առավել խստացնել զրպարտանքի համար նախատեսվող դրամական պատիժը` նյութական պատասխանատվության սահմանմամբ ներդնելով բարոյաէթիկական մշակույթ:

Ամփոփիչ ելույթներում հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը եւ հարակից զեկուցող Արտյուշ Շահբազյանը, կարեւորելով արդյունավետ քննարկումները, ոլորտի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Նրանք քննարկումների մասնակիցներին հորդորեցին գրավոր առաջարկություններ ներկայացնել, որոնց արդյունքում օրենսդրական փաթեթը կլրամշակվի եւ երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
 


09.04.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան
Լիբանանի  Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով  Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար  Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյան...

09.04.2010
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Լիբանանի հետ մեր բարեկամությունը անկեղծ եւ ամուր հիմքեր ունի»
«Լիբանանահայերը  հայրենասեր են  եւ Հայաստանի, եւ Լիբանանի առումով»   Ապրիլի 11-14-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց է կատարելու Լիբանան: Այդ առիթով «Ազգ»-ի թղթակիցը մի շարք հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ. - Պարոն Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am