National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
11.04.2010
Հայաստանում հատուկ բարեկամական վերաբերմունք ունեն Լիբանանի ու նրա ժողովրդի հանդեպ
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով  գտնվում է Լիբանանում: 

Ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Մարտին Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահե Էնֆիաջյանը:

Բեյրութի օդանավակայանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանին դիմավորել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին: Երկու խորհրդարանների նախագահները կարճատեւ առանձնազրույց են ունեցել:

Այնուհետեւ ԱԺ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի ու Լիբանանի խորհրդարանների նախագահների եւ նրանց գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Ջերմորեն ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահին` Նաբիհ Բըրրին նշել է, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ կապերը պատմական են, իսկ Լիբանանում բնակվող հայերը կենդանի կամուրջ են երկու պետությունների միջեւ: Հայաստանի ու Լիբանանի միջեւ կնքված է 19 համաձայնագիր, որոնք վավերացվել են խորհրդարանների կողմից: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքերով` երկու երկրների տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական հարաբերություններին, եւ խորհրդարանները պետք է ամեն ինչ անեն տնտեսական կապերը սերտացնելու համար:  Ըստ Նաբիհ Բըրրիի` պետք է աշխատել խորհրդարանների եւ ժողովրդական դիվանագիտության մակարդակով ավելի լավ հասկանալ միմյանց:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար`  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի ու Լիբանանի միջեւ կապերի ակտիվացումը եւ զարգացումը: Համաձայնելով, որ տնտեսական հարաբերությունները անհամեմատ զիջում են քաղաքականին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը անհրաժեշտ է համարել ստեղծել այնպիսի դաշտ, որ երկու կողմերի գործարարները կարողանան ներդրումներ անել երկու երկրներում: Հովիկ Աբրահանյանի խոսքերով` կարեւոր  է նաեւ գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպումը, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց շոշափելու նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցելությունները, որոնք կօգնեն ավելի սերտացնել հարաբերությունները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել նաեւ միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով: Երկու երկրները միջազգային կառույցներում աջակցել են միմյանց Հայաստանի եւ Լիբանանի համար կարեւոր հարցերում: Նա բարձր է գնահատել նաեւ եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանում ջերմությամբ են հիշում 1997 թվականին Նաբիհ Բըրրիի` Հայաստան կատարած այցը եւ բարձր են գնահատում այն: ՀՀ Ազգային ժողովի նախագահը լիբանանցի իր գործընկերոջը հրավիրել է  նրա համար նախընտրելի ժամկետներում կրկին այցելել Հայաստան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ հիշյալ այցի ժամանակ Լիբանանի խորհրդարանի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ   Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Լիբանանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները շուտով կկարգավորվեն եւ հայտնել է աջակցելու իր պատրաստակամությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն  հայտնելով, որ 2000թ. մայիսին Լիբանանի խորհրդարանը Նաբիհ Բըրրիի գլխավորությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, նշել է, որ նման քայլերը կարեւոր են հետագայում այդպիսի հանցագործությունները կանխելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը ներկայումս ձգձգվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, փորձ է արվում կապել ԼՂ հարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն:

Հանդիպման արդյունքներով Հովիկ Աբրահանյանը եւ Նաբիհ Բըրրին Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի խորհրդարանների միջեւ ստորագրել  են փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ ՀՀ Ազգայի ժողովի նախագահի` Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ելույթ ունենալով` Նաբիհ Բըրրին մասնավորապես կարեւորել է տնտեսական փոխհարաբերությունները` նշելով դրանց մեծ ներուժի մասին: Նա կոչ է արել գործարարներին` արագ զարգացնել այդ հարաբերությունները: Լիբանանի խորհրդարանի նախագահն անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին` հույս է հայտնել, որ երկու երկրների իշխանությունները կկարողանան դիվանագիտական մակարդակով զարգացնել հարաբերությունները:

Պաշտոնական ճաշի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասել է. «Լիբանանի եւ արաբական աշխարհի ականավոր փիլիսոփա, գրող ու բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանը հետեւյալ հիանալի խոսքերն է ասել. «Կարելի է մոռանալ նրան, ում հետ ծիծաղել ես, բայց երբեք չի մոռացվի նա, ում հետ լաց ես եղել»: Այս խոսքերը լիովին համահունչ են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, որոնք ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու անդավաճան զգացմունքների մասին են վկայում, այլեւ մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության, համերաշխության ու հանդուրժողականության փայլուն օրինակ են: Նշեմ, որ Երեւանի կենտրոնում` Բեյրութի փողոցին հարող զբոսայգում, կանգնեցված է մեծ գրողի կիսանդրին:

Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված եղեռնից մազապուրծ մեր շատ հայրենակիցների  համար այս հյուրընկալ հողը դարձավ ոչ միայն փրկության հանգրվան, այլեւ հարազատ օջախ, որտեղ նրանք կարողացան ոչ թե գոյատեւել, այլ` աճել ու սերունդ տալ: Սա ցույց է տալիս Լիբանանի պետության ու ժողովրդի քաղաքակիրթ եւ արժանապատիվ կեցվածքը, արդարամիտ դիրքորոշումը: Եվ հենց դրանց արտահայտությունն է  այն, որ 2000 թվականի մայիսի 12-ին Ձեր նախագահությամբ Լիբանանի խորհրդարանը  ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  հայոց ցեղասպանությունը:

Հարգելի բարեկամներ,

1993 թվականից հիմնված միջխորհրդարանական հարաբերությունները  փոխվստահությամբ շարունակվում են մինչ այսօր: Ուրախությամբ եւ ջերմությամբ եմ ուզում հիշատակել, հարգելի պարոն Բըրրի, 1997 թվականին կատարած Ձեր այցը Հայաստան եւ մասնավորապես մեր երկրի խորհրդարան: Ուրախ կլինենք կրկին հյուրընկալել Ձեզ: Երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերը իրենց ներդրումն ունեն միջխորհրդարանական համագործակցությունն ու միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Նշեմ, որ Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին 2005 թվականին մասնակցել են նաեւ Լիբանանի խորհրդարանի հայ-լիբանանյան բարեկամության պատգամավորական խմբի անդամները:  Ես շատ կարեւոր եմ համարում Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հարգելի բարեկամներ, հայկական արմատներ ունեցող Լիբանանի քաղաքացիների ներգրավվածությունը կյանքի բոլոր ոլորտներում, մասնակցությունը պետական կառավարմանը` ի դեմս հայազգի նախարարների ու պատգամավորների, վկայում է ոչ միայն նրանց գնահատված լինելու, այլեւ երկրում տիրող հավասարության ու արդարության մթնոլորտի մասին: Լիբանանն արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր: Հայաստանում հատուկ բարեկամական վերաբերմունք ունեն Լիբանանի ու նրա ժողովրդի հանդեպ:

 Շնորհակալ եմ Լիբանանի իշխանություններից ու ժողովրդից` համամարդկային արժեքներին մեծ նվիրվածության համար, ինչը  պիտի ընդօրինակելի լինի շատ երկրների համար   աշխարհում ընդհանրապես եւ մեր տարածաշրջանում մասնավորապես: Մենք ունենք հարեւան, որի նախագահն ու իշխանությունները պարբերաբար հանդես  են  գալիս ռազմատենչ հայտարարություններով: Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթե այն պարտադրվի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը:

Առաջարկում եմ  բաժակ բարձրացնել Լիբանանի ժողովրդի բարօրության ու խաղաղ ապագայի, Լիբանան երկրի, հայ-լիբանանյան անկեղծ բարեկամության եւ անձամբ Լիբանանի խորհրդարանի նախագահ պարոն Բըրրիի համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am