National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.04.2010
Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակությունը Ազգային ժողովում
1 / 8

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին շուրջ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետեւ պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի փաստաթղթերին ու վավերագրերին։ Լի Մինգիուն գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։

Ապրիլի 12-ին Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամները ԱԺ այգում ծաղիկներ դրեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նույն օրը ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար  Արեւիկ Պետրոսյանն ընդունեց  Լի Մինգիուի ղեկավարած Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ ԱԺ պատգամավորներ Վոլոդյա Բադալյանը եւ Վահագն Մախսուդյանը:

Ողջունելով հյուրերին` տկն Պետրոսյանը նշեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ բարձր գնահատեց երկու երկրների միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացումը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ երկկողմ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում, շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ քաղաքականության համար` հավելելով, որ Հայաստանն էլ շարունակում է պաշտպանել միասնական Չինաստանի սկզբունքը:

Տկն Պետրոսյանի գնահատմամբ` թեեւ ակնհայտ են երկու երկրների հարաբերությունների ակտիվացման միտումները, այնուամենայնիվ դեռ չիրականացված շատ հնարավորություններ կան, որրոնք համատեղ ուժերով պետք է կյանքի կոչել:  Էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում իրականացված համատեղ նախագծերը հավաստում են փոխադարձ հետաքրքրությունների եւ համագործակցության ակտիվացման մասին:

ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց Հայաստան-Չինաստան օդային կապի ստեղծումը եւ առաջարկեց կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, իսկ Վահագն Մախսուդյանը բարձր գնահատեց գյուղատնտեսության բնագավառում Չինաստանի ձեռքբերումները եւ այս ոլորտում համագործակցության կարեւորությունը:

Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակության ղեկավար Լի Մինգիուն կարեւորեց հին մշակույթ ունեցող երկու երկրների կայուն եւ փոխադարձ վստահությամբ զարգացող համագործակցությունը` հավաստիացնելով, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ եւ իրականացնելու փոխշահավետ նոր ծրագրեր:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի` հայաստանյան եւ չինական իրողություններին, «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանն ընդունեց նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների  փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, իսկ  խորհրդարանական համագործակցությունն առավել ակտիվացնելու գործում` համանման հանձնաժողովների միջեւ կապերի զարգացումը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը եւ տնտեսական կապերը ընդլայնելու մեծ ներուժ կա, ինչը, սակայն, լիարժեք չի օգտագործվում: Պարոն Ռուստամյանը, անդրադառնալով  «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին, տեղեկացրեց, որ Հայաստանը այդ ցուցահանդեսին կներկայանա բարձր մակարդակով: Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կենտրոն է բացվել, որտեղ հայ ուսանողները ուսումնասիրում են Չինաստանի լեզուն ու մշակույթը: Պարոն Ռուստամյանը կարեւոր համարեց  երկու երկրների ուսանողների   փոխայցերը եւ փորձի փոխանակումը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա առավել մոտիկից ուսումնասիրելու երկու երկրների պատմությունն ու մշակույթը:

Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակության անդամները  կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Զրուցակիցների համոզմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը առավել ճկուն է եւ այն կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցերի արդյունավետ լուծմանը:


Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի    պատվիրակությանն ընդունեց նաեւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բնորոշեց բարեկամական` փոխանցելով դրանք ամրապնդելու եւ  զարգացնելու` հայկական կողմի պատրաստակամությունը: Նա արձանագրեց, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցությանը հատկապես առեւտրատնտեսական ոլորտում: Չնայած տնտեսական դաշտում դինամիկ կերպով զարգացող հարաբերություններին` հանձնաժողովի նախագահը առկա հնարավորություներն ավելի բարձր գնահատեց: Որպես համագործակցության ուղղություններ` նա նշեց էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ոլորտները: Բանախոսը կարեւորեց  նաեւ կրթական ու մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը:

Պատվիրակության ղեկավար Լի Մինգիուն  համաձայնեց, որ մեր երկրի հետ   ապրանքաշրջանառության ներկա մակարդակը` 111 մլն. դոլարի հասնող, չի արտացոլում իրական ներուժը: Նա ներկայացրեց Չինաստանի հետաքրքրությունը հայկական տնտեսության որոշ ճյուղերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ  համաշխարհային Ճգնաժամի ազդեցությանը եւ դրան հակազդելու միջոցառումներին: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի խնդրանքով հյուրերը ներկայացրին հակաճգնաժամային իրենց միջոցառումները եւ տնտեսական ցուցանիշները: Գագիկ Մինասյանն էլ իր հերթին ներկայացրեց, որ, չնայած տնտեսական անկմանը` կառավարությանը չի կրճատել ոչ մի սոցիալական ծախս: Նա ասաց, որ այս տարվա առաջին ամիսների տվյալնելով գրանցվել է տնտեսական աճ, եւ այժմ կառավարության հիմնական  խնդիրը գնաճի կայուն, օրենքով սահմանված   մակարդակը պահպանելն է:

Զրուցակիցները փոխադարձաբար շնորհակալություն հայտնեցին միջազգային կառույցներում եւ արտաքին քաղաքականության ոլորտում միմյանց աջակցելու համար:


12.04.2010
Շարունակվում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Լիբանանում
Ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը առավոտյան հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Լիբանանի արտգործնախարարը նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, հայտնեց, որ իրենք միշտ էլ ցանկանում են հարաբերություններ զարգացնել քաղաքական,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am