National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.04.2010
ՀՀ ԱԺ Պատվո մեդալ` Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկուն
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց  Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի  նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկուն` 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար:

Հանձնելով բարձր պարգեւը`  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի գործընկերներ, մեծարգո պարոն Հրուշովսկի, շատ ուրախ եմ Հայաստանի խորհրդարանում ի դեմս Ձեզ հյուրընկալել վճռական քաղաքական գործչի եւ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող մարդու:

2004 թվականին Սլովակիայի խորհրդարանն ընդունեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, եւ դրանում ծանրակշիռ  է Ձեր ներդրումը որպես Սլովակիայի խորհրդարանի այժմ նախկին նախագահ եւ սլովակ ժողովրդի արժանի ներկայացուցիչ:

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն է մի ողջ ժողովրդի նկատմամբ, այլեւ հանցագործություն է համայն մարդկության հանդեպ: Եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի եւ հանրության պարտքն է արդար ու արժանի գնահատական տալ կատարվածին: Չնայած բազմաթիվ  պետություններ ու կառույցներ 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունը ընդունել են որպես ցեղասպանություն  եւ դատապարտել այն, սակայն դեռեւս  ցեղասպանության հեղինակն ինքը քաջություն չունի ապաշխարել:Համոզված եմ, սակայն որ մոտ է նաեւ դրա ժամանակը, որովհետեւ աշխարհում հետզհետե ավելի է մեծանում այն երկրների ցանկը, ովքեր կարողանում են ուղիղ նայել ճշմարտությանը, ավելանում են այն քաղաքական գործիչները, ովքեր կարողանում են վեր կանգնել քաղաքական ու այլեւայլ շահերից եւ արժանապատիվ դիրքորոշում որդեգրել հայոց ցեղասպանության փաստի հանդեպ: Ի դեմս Ձեզ, հարգելի պարոն Հրուշովսկի, մենք ճանաչում ենք մի մարդու, ով պատմությունն ու իրականությունը կարողացել է գնահատել արժանապատվորեն  ու արդարացի: Ձեր կատարած քայլը եւ իբրեւ դրա արդյունք` Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը ծանրակշիռ ներդրում են միջազգային հանրությանը եւս մի քայլ ճշմարտությանը մոտեցնելու, աշխարհում ցեղասպանությունները կանխելու, ցեղասպանություն իրականացրածի մեջ սեփական հանցանքն ընդունելու գիտակցություն արթնացնելու գործընթացում: Շնորհակալ ենք ճշմարտությունը վերհանելու եւ պատմական արդարությունը վերականգնելու դժվարին ճանապարհին ունեցած Ձեր խիզախ եւ ընդօրինակելի գործունեության համար»:

Շնորհակալություն հայտնելով  գնահատվելու եւ բարձր պարգեւի արժանանալու համար` Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկին  մասնավորապես ասաց.  «Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը բոլորը պետք է համարեն ոճիր ընդդեմ համայն մարդկության:  Մենք պահանջում ենք, որ այն կատարողներն ունենան լրջություն, ընկալեն իրենց արածն արհավիրքի ողջ խորությամբ:   Ես հպարտ եմ, որ Սլովակիայի խորհրդարանն ունեցավ այն քաջությունը, որ ընդունեց ցեղասպանությունը որպես փաստ: Եվ առավել եւս ուրախ եմ, որ մենք պետք է օրինակ լինենք այն բոլոր երկրների համար, որոնք դեռեւս այդ քաջությունը չունեն»: 

Սլովակիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը որակելով որպես քաղաքական գնահատական կատարված ցեղասպանությանը`  Պավոլ Հրուշովսկին    հավաստիացրեց, որ ստացած պարգեւն ընդունում է որպես նոր «բեռ»` նոր պարտականությունների կատարման համար, որն իր երկրի քաղաքական գործիչները պետք է վերցնեն իրենց վրա` հանուն հայկական հարցերի եւ խնդիրների լուծման:

Պարգեւատրմանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am