National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
24.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որ պետականորեն ծրագրվեց եւ իրագործվեց 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում: Ոչնչացվեց, տեղահանվեց ու հայրենազրկվեց ստեղծարար ժողովրդի մի ստվար հատված, որի միակ մեղքը հայ լինելն էր: Դա ոչ միայն ոճրագործություն էր մի ժողովրդի հանդեպ, այլեւ հանցագործություն էր համայն մարդկության նկատմամբ:

Որեւէ ժողովուրդ ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես չի կարող պոկվել հրաժարվել իր հիշողությունից, որում հոգու պարտք ու ոգու կանչ կա, հայրենազրկման ցավ: 

 Հայոց ցեղասպանությունը երբեւիցե վիճարկելի չէ ու չի լինելու` անկախ ցեղասպանությունը որպես խաղաքարտ օգտագործելու ` ոմանց ցանկություններից ու գործողություններից: Որեւէ փաստաթուղթ չի կարող կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված  ցեղասպանության փաստը կամ սակարկության առիթ դառնալ դրա համար: Որեւէ գործընթաց չպետք է ընկալվի ու դիտարկվի  որպես հրաժարում ցեղասպանության ճանաչումից: Պատմության միջով առաջ քայլելը չպիտի լինի պատմությունն ուրանալու ճանապարհով: 
  
Մարդկությունն իրականությունը պիտի տեսնի  20-րդ դարի առաջին եւ առայժմ լիարժեք չդատապարտված ցեղասպանությունը կատարողների ապաշխարանքի միջոցով: Այդ ապաշխարանքը պարտք է ոչ միայն  1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների, ոչ միայն ողջ հայ ժողովրդի, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ: Ցեղասպանությունն իրականացրածի խարանը կրող ժողովուրդն ու երկիրն իրավունք չունեն համարվել քաղաքակիրթ հասարակության անդամ, եթե այսօր էլ շարունակում են ապրել այն նույն հոգեբանությամբ ու մտածելակերպով, ինչով որ իրականացվեց 1915 թվականի հայոց ցեղասպանությունը: 
  
Որեւէ մեկը ոչ միայն չի կարող, այլեւ` իրավունք չունի մոռանալ չսպիացող վերքը` եղեռնը, որովհետեւ պատմական արդարության վերականգնումը խառնված  է  մեր հոգու զգացմունքների հետ: Բայց նաեւ պիտի կարողանանք դրանից ուժ ստանալ եւ գտնել ապագայի այն տեսլականը, որը չի խոչընդոտի հայ ժողովրդի ու Հայաստանի առաջընթացին, կխթանի մեր դերակատարությունը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am