National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
26.04.2010
Ազգային ժողովն սկսեց ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի   նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով:

ԱԺ նիստին  ներկա էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները` ավանդական դարձած բաց դասին մասնակցելու նպատակով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայի վերջին օրվա նիստում քննարկված օրինագծերը եւ շարունակեցին նախորդ  նիստում ընդհատված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Օրենքի նախագծի համաձայն`  վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց` ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Միաժամանակ ոստիկանության ուսումնական հաստատությանը իրավունք է վերապահվում իրականացնել վճարովի կրթական ծառայություններ:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ռուբեն Գեւորգյանը` նկատելով, որ Ակադեմիայի վերջին տարիների ուսումնադաստիարակչական պրակտիկան ցույց է տվել, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողները ուսումնառության տարիներին դրսեւորում են առավել բարձր կարգապահություն եւ գիտակցված մոտեցում մասնագիտության ընտրության հարցին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Բանախոսի տեղեկացմամբ` նախագծում ներառված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած եւ դրա կիրարկումից հետո ծագած խնդիրների կանոնակարգման  հիմնական մոտեցումներն ու լուծումները: Մասնավորապես կարգավորվում են քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող   քաղաքացիների մասնակցությամբ  աշխատանքային  հարաբերությունները, ներդրվում է աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը, սահմանվում են ժամանակավոր բնույթ կրող աշխատանքներում մինչեւ 16 տարեկան անձանց ներգրավելու պայմանները, կարգավորվում են կազմակերպության վերակազմակերպման դեպքում կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետին առնչվող հարաբերությունները, հստակեցվում եւ նվազեցվում են արտաժամյա եւ գիշերային աշխատանքի համար տրվող  հավելումների չափերը, աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում կոնկրետ աշխատանքների եւ մասնագիտությունների համար, կարգավորվում են աշխատողին աշխատած օրերի համար եւ արձակուրդի չօգտագործած օրերի համար վճարման խնդիրների հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են  միջին ամսական աշխատավարձի հաշվարկման մեխանիզմները, սահմանվում են աշխատողների մասնագիտական ուսուցման պայմանները, կարգավորվում պետական կամ հասարարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով նախատեսվում են նաեւ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման, արձակման նպաստի վճարման,  նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ:

Գլխադասային` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը անիրատեսական համարեց աշխատանքային բանավոր պայմանագիրը, քանզի գրավոր պայմանագիրը կողմերի իրավահավասարության, աշխատանքային հարաբերությունների կարգավորման երաշխիք է: Նա անթույլատրելի համարեց աշխատողների ժողովի  կողմից ընտրված, աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնող եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանող մարմնին արհեստակցական միությանը հավասար իրավունքներ վերապահելը:

ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Ստյոպա Սաֆարյանը, հաշվի առնելով օրինագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունների մեծաքանակ լինելը, որոնց մի մասը մտահոգությունների տեղիք են տալիս, հասարակությանը իրազեկելու եւ մասնագետների կարծիքը լսելու նպատակով առաջարկեցին անցկացնել խորհրդարանական լսումներ, իսկ Հակոբ Հակոբյանը եւ Հովհաննես Մարգարյանը հույս հայտնեցին, որ կառավարությունը հաշվի կառնի խմբակցություններում եւ հանձնաժողովներում քննարկված լրամշակված տարբերակը եւ վիճահարույց հարցերին լուծում կտա մինչեւ երկրորդ ընթերցում:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը: Նա մտահոգիչ համարեց արտաժամյա եւ գիշերային աշխատանքի համար տրվող  հավելումների չափերի նվազեցումը, իսկ բանավոր աշխատանքային պայմանագիրը իրավական տեսանկյունից, ըստ նրա,  վտանգավոր կարող է լինել թե աշխատողների եւ  թե գործատուների համար: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը այս տեսքով օրինագծերի փաթեթին դեմ է քվեարկելու եւ առաջարկեց այն լրամշակելու նպատակով անցկացնել խորհրդարանական լսումներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը առաջարկեցին առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում առաջարկների հաշվառումով բարելավել այն:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ սրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու  մասին»   ՀՀ օրինագծերի փաթեթը ներկայացրեց նախագծի համահեղինակ Լիլիթ Գալստյանը:

Բանախոսի տեղեկացմամբ`  հանրային կյանքում մեծաթիվ են մշակութային ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են  թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոնների, համերգների, հյուրախաղերի կազմակերպման աշխատանքներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  վերջիններս հիմնականում խուսափում են անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ փոխանցել համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների մասին:  Ոչ կենդանի  կատարմամբ  համերգները եւ այդ մասին  համապատասխան տեղեկատվության բացակայությունը շահեկան չեն թե սպառողների իրավունքների շահերի պաշտպանության, թե կատարողական արվեստում արդար մրցակցության  ապահովման տեսանկյունից:

 «Գովազդի մասին» ՀՀ օրենքում ապրանքների առանձին տեսակների  շարքում  մշակութային գովազդի ընդհանուր պահանջների ու առանձնահատկությունների ամրագրումը, ինչպես նաեւ  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ապրանքների մասին պարտադիր տեղեկատվության ցանկում ձայնագրության կամ կենդանի կատարման մասին տեղեկատվության ամրագրումը կապահովի մշակութահամերգային ծառայության պատշաճությունն ու համապատասխանությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են համապատասխան լրացումներ եւ փոփոխություն, որոնք թույլ կտան պատասխանատվության հնարավոր միջոցներ կիրառել սահմանված պահանջների խախտման պարագայում:

Տկն Գալստյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի են ունեցել միջազգային իրավական փորձը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` ապրիլի 27-ի նիստում:


26.04.2010
Հերթական բաց դասին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 26-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Դպրոցականները շրջեցին ԱԺ շենքում, հետեւեցին քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին ավանդույթ դարձած բաց դասին, որն ան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am