National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.04.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7
Ապրիլի 27-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել նախորդ օրն ընդհատված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը հեղինակել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները:

ԱԺ նիստին «Բաց դաս» քաղաքականության շրջանակներում մասնակցում էին Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների բարձր դասարանցիներ: 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը: ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` նշելով, որ ներկայացված փոփոխությունները համահունչ են կառավարության որդեգրած քաղաքականությանը: 

Ամփոփիչ ելույթում օրինագծի հիմնական զեկուցող, Աժ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ հեղինակները պատրաստ են քննարկելու ստացված բոլոր գրավոր առաջարկները: 

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթեցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՀՀ Տավուշի եւ Սյունիքի մարզերին: Աշոտ Մուսայանը նշեց, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կընձեռի ոչ միայն արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, այլեւ կմեծացնի տեղական բյուջե մուտքագրվող գումարները ի հաշիվ հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի, հողերի օտարումներից ստացվող ֆինանսների: 

 Օրինագծի վերաբերյալ  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: Չբացառելով, որ հողերի նոր բաժանումը կարող է որոշ դժգոհություններ առաջացնել, պարոն Մարգարյանը նշեց, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովը հանդիպել եւ քննարկումներ է անցկացրել մարզպետների, համայնքապետերի եւ համայնքների բնակիչների հետ, հաշվի առել նրանց դիտողությունները: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած մտավախությանը, թե համայնքներին կցվող հողակտորները կարող են օտարվել, նա իրազեկեց, որ հողակտորներն օտարելու իրավունք համայնքները կունենան օրենքի ընդունումից  10 տարի հետո միայն, եթե այլ որոշում չկայացվի:

 Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց  երեք համաձայնագրեր, որոնք ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:  Քննարկվեցին ՀՀ նախագահի կողմից ներկայացված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 1950 թվականին նոյեմբերի 22-ին Լեյք Սասեքսում, դրան կից «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրությունը, որն ստորագրվել է 1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում եւ «ՀՀ կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ մշակույթի, կրթության, երիտասարդության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում:

 ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ համաձայնագրերն ու արձանագրությունն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը, իսկ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ` դրանք չենք հակասում ՀՀ Սահմանադրությանը: 

 Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթեցմամբ սկսեցին քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերին:

 Պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Զոլաքար եւ Ներքին Գետաշեն  համայնքների բնակիչների անհամաձայնությանը` կապված նոր սահհմանագծումների հետ:  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ հանձնաժողովը նախատեսել է մեկ անգամ եւս հանդիպել Գեղարքունիքի մարզի վերոնշյալ համայնքների բնակիչների հետ եւ քննարկել ծագած խնդիրները: 

 Օրվա վերջում, ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am