National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.04.2010
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնություններն  ու  «ՀՀ Ազգային ժողովի նիստերը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում գումարելու մասին» ՀՀ ԱԺ որոշումը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նիստերը այսուհետ կգումարվեն ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում, մինչեւ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման աշխատանքներն ավարտվեն:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրականը փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` ավանդների երաշխավորման համակարգի դերը եւ նշանակությունը կարեւորվում է ֆինանսական ցնցումների եւ ճգնաժամի պայմաններում: Արդյունավետ երաշխավորման համակարգի առկայությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ ֆինանսական շուկաների նկատմամբ հասարակության վստահության  բարձրացման գործում: Նշվեց, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է երաշխավորված ավանդների ծածկույթի ներկա մակարդակի գնահատում: Արդյունքում պարզվել է, որ ԵՄ օրենսդրության չափանիշներին առավելագույնս համապատասխանելու եւ  Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքային ուղենիշը բավարարելու նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել  երաշխավորված ավանդների չափի եւ դրա ֆինանսավորման անհրաժեշտությունից բխող միջոցառումների պարբերաբար վերանայման քաղաքականության ներդրում եւ երաշխավորված ավանդների չափի ավելացման արդյունքում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների համալրման մեխանիզմների սահմանում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գագիկ Մինասյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած  «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների  մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը, որը եւս պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Կառավարության հեղինակած փոփոխություններն արգելում են բանկերին անձամբ վարել իրենց պետական ռեեստրը, եւ ընկերություններին` իրենց թողարկած  բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը: Փաթեթը, ըստ Վաչե Գաբրիելյանի,  բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերին ընձեռում է ընտրության հնարավորություն` իրենց մասնակիցների ռեեստրի վարումը փոխանցել Կենտրոնական դեպոզիտարիային կամ իրենց հետ չփոխկապակցված մասնագիտացված այլ կազմակերպություններին:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գագիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի հեղինակած «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին»  օրինագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արման Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրենքի ընդունումը պայմանավորված է հողի հարկի սահմանված արտոնությունների ժամկետի երկարաձգման   անհրաժեշտությամբ: Բազմաթիվ հարկատուներ օգտվել են տրամադրված հարկային արտոնություններից, ինչն էլ որոշակիորեն նպաստել է վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը: Հարկատուների մի մասը, տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չեն կարողացել  օգտվել տրամադրված հարկային արտոնություններից, որն էլ  սույն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ է հանդիսացել:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը:

 Հարակից զեկույցում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը խորհրդարանին փոխանցեց կառավարության դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

 Այնուհետեւ ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ լրացումների նպատակն է ապահովել հատուկ նշանակության սննդամթերքի, կենսաակտիվ սննդային հավելումների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդի սահմանափակումների պահպանումը եւ վարչական  պատասխանատվության ենթարկել գովազդին ներկայացվող պահանջները խախտող անձանց:

Ներկայացնելով ԱԺ առողջապահության, մայրության  եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հարակից զեկույցում Մկրտիչ Մինասյանը զեկուցողին  առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հաշվի առնել հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները, շտկել առկա թերությունները:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը: Նրա ներկայացմամբ` օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2007 թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եւ ոլորտի մասնագետների եզրակացությունից, համաձայն որի` չկան խիստ ներգործող նյութերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի դասակարգման չափանիշներ, նման տարանջատում չկա նաեւ Եվրամիության օրենսդրության մեջ ու ՄԱԿ-ի կոնվենցիաներում: Նշվեց, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում նույնպես «խիստ ներգործող նյութերի առանձնապես խոշոր չափեր» հասկացությունը չի օգտագործվում, օրենսգրքում  միայն  «խիստ ներգործող նյութերի խոշոր չափեր» հասկացությունն է կիրառվում:

ԱԺ առողջապահության, մայրության  եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցումով ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը: Նշվեց, որ կառավարության կողմից որոշ բժշկական ծառայությունների համար (օրինակ` հաշմանդամներին դեղերի տրամադրման դեպքում) պետությունը սահմանել է արտոնյալ պայմաններում պետական բյուջեի հաշվին մասնակի փոխհատուցում` հաշվի առնելով հիվանդների ֆինանսական պաշտպանվածության անհրաժեշտությունը, սակայն գործնականում, բացի դեղերի տրամադրումից, նման արտոնյալ պայմաններ տրվում են նաեւ այլ բժշկական ծառայություններ եւ բժշկական պարագաներ տրամադրելու դեպքում, օրինակ` սիրտ-անոթային վիրահատությունների, հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստման ժամանակ եւ այլն: Առաջարկվում է հարցը կարգավորել օրենքներով` սահմանելով անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունքը:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկների մի մասը հեղինակներն ընդունել են, իսկ մի մասը ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն առաջարկեց քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ պարոն Հակոբյանի` օրենսդրական փաթեթի ընդունումը կխթանի առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:

Խորհրդարանը քննարկեց 2008 թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Շիրակ Թորոսյանը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա տեղեկացրեց, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող oբյեկտների գծով հաշվապահական հաշվառման uահմանված փաuտաթղթերը կամ դրանք վարում է uահմանված կարգի կոպիտ խախտումներով կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեuչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաuտաթղթերում, որի հետեւանքով անհնար է դառնում հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող oբյեկտները եւ հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեuչությունը` հիմնվելով «oրենքով uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունների» վրա, սակայն օրենքով սահմանված չէ «երրորդ անձ» հասկացությունը: Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարբեր իրավական ակտերի հիման վրա հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունների հարցերը մեկ ընդհանուր օրենքով կարգավորելու, ստացված տեղեկությունները հարկման նպատակով օգտագործելու օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ եւ օրենքով «երրորդ անձ» հասկացությունը սահմանելու կարեւորությամբ:

Հիմնական զեկուցողին ԱԺ պատգամավորները ուղղեցին բազմաթիվ հարցադրումներ, որոնք վերաբերում էին բանկային ֆինանսական կազմակերպությունների գործունեությանը, օրինագծերի հրատապ ընդունման նպատակահարմարությանը, հարկային մարմինների եւ հարկատուների փոխհարաբերություններին, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացմանը, որոնց եւ անդրադարձավ հիմնական զեկուցողը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


29.04.2010
Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում
Ապրիլի 28-ին Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, Դավիթ Հարությունյանն ու Սամեդ Սեիդովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am