ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Արա Նռանյանը:
Ապրիլի 6-ին հայկական պատվիրակության ղեկավար Արեւիկ Պետրոսյանը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստին, որտեղ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ, իսկ հայ պատգամավորները մասնակցեցին մշտական հանձնաժողովների աշխատանքներին:
Ապրիլի 7-ին Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ Միջխորհրդանական վեհաժողովի 34-րդ լիագումար նիստը: ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների իրավական-սոցիալական պաշտպանությանը:
Նույն օրը կայացավ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա տարելիցին նվիրված Միջազգային խորհրդարանական համաժողով, որին մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Համաժողովին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Նա բարձր գնահատեց մարդկային, հոգեւոր ու նյութական մեծ կորուստների գնով նվաճած ընդհանուր հաղթանակը, որը մարդկությանը փրկեց ստրկացումից ու կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը: Այդ մեծ հաղթանակի եւ ֆաշիզմի ջախջախման գործում բազմաթիվ ազգերի շարքում իր նշանակալից ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը. Հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որից 300 հազարը զոհվել է պատերազմի դաշտում: Հայ ժողովուրդը մարտական փառքի հիանալի օրինակ է տվել աշխարհին` 3 մարշալ ու մեկ ծովակալ, ավելի քան 80 գեներալ ու փոխծովակալ, 108 հերոս: Մոտ 70 հազար հայեր պարգեւատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով: Պատերազմական տարիներին հայ ժողովրդի վաստակը մեծ է եղել նաեւ թիկունքում, հիմնարար գիտությունների զարգացման եւ արտադրության կազմակերպման գործում:
Տկն Պետրոսյանը նշեց, որ մեր օրերում ավելի, քան երբեւէ մարդկությունը կարեւորում ու նորովի է գնահատում հակամարտությունների ժամանակ ուժի չկիրառման, ազգամիջյան երկխոսության զարգացման, խաղաղ գոյակցության դերն ու նշանակությունը մարդկության բարեկեցության ու զարգացման գործում:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմը մեկ անգամ եւս ապացուցեց, որ մարդկության դեմ կատարված ու չդատապարտված ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություն: Նա հիշեցրեց Վերմախտի գլխավոր հրամանատարության առջեւ 1939 թվականին Հիտլերի արտասանած խոսքերը. «Պատերազմի նպատակը ոչ թե որոշակի սահմանների հասնելն է, այլ հակառակորդի ֆիզիկական բնաջնջումը: Ո՞վ է այսօր հիշում եւ խոսում հայերի ոչնչացման մասին»: Վերջինս նկատի ուներ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում կատարված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Տկն Պետրոսյանը հավելեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ելքն իր հերթին ապացուցեց, որ նրանք, ովքեր մարդկության դեմ հանցագործություն են կատարում, վաղ թե ուշ պատասխան են տալիս, պատժվում ու դատապարտվում:
Ապրիլի 7-ին Վեհաժողովի քաղաքական, միջազգային համագործակցության հարցերի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգի չորրորդ` «Խորհրդարանների դերը հակամարտությունների կանխման գործում» հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Վահան Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` միջազգային իրավունքի երկու սկզբունքների` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների հակասությունն ու դրանց հակադրումը արհեստական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է գործի սուվերեն երկրների միջեւ` տարածքների բռնակցումը կանխելու նպատակով, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ ճնշված ազգը որոշում է առանձնանալ եւ ստեղծել սեփական պետությունը: Այսպիսով` այս երկու սկզբունքները գործում են տարբեր հարթությունների մեջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրորդ ճանապարհի փայլուն օրինակն է:
Ազգային ժողովի պատվիրակությունը ԱՊՀ երկրների պատվիրակությունների հետ Պիսկարեւյան պանթեոնում մասնակցեց հանդիսավոր սգո արարողությանը:
Նույն օրը տեղի ունեցավ «Եվրոպական անվտանգության ապագան» թեմայով Միջազգային խորհրդարանական համաժողովը, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կազմակերպել էր ԵԽԽՎ-ի հետ համատեղ: Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ Վահան Հովհաննիսյանը: Նա միջազգային հարաբերություններում անընդունելի համարեց երկակի ստանդարտների կիրառումը տարբեր երկրների եւ ինքնորոշման իրավունք ունեցող սուբեկտների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նման տարբերակված ու անիրատեսական մոտեցումը բացառում է ոչ միայն հարցի արդարացի լուծումը, այլեւ անտեսում է ճշմարտությունը: Բանախոսի գնահատմամբ` քանի դեռ արդարացի մոտեցում չի կիրառվում նման հարցերում, խոսք լինել չի կարող անվտանգության հուսալի համակարգի մասին:
Միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքը շարունակվեց առանձին սեկցիաներում, որտեղ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը եւ Արա Նռանյանը:
Պարոն Շարմազանովի գնահատմամբ` եվրասիական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրը պետք է լուծվի միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան եւ բոլորի համատեղ ջանքերով: Հենց այս խնդրի կարգավորմանն է ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հարեւան Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հստակ դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանականի` պատմությունը փորփրելու վերաբերյալ մեղադրանքին, պրն Շարմազանովը հակադարձեց` ասելով, որ պատմությունը փորփրում են հենց իրենք` փորձելով պատմական հանձնաժողովը դարձնել Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը քննարկելու արենա, ակնհայտ մի փաստ, որ ապացուցման կարիք չունի եւ ենթակա չէ քննարկման:
ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը խոսեց եվրոպական անվտանգության համակարգը բարեփոխելու անհրաժեշտություն մասին: Հաճախ հակամարտությունների կարգավորման սխեմատիկ ու մակերեսային լուծումներ են առաջարկվում` առանց խորամուխ լինելու դրանց ակունքների ու պատճառների մեջ, առանց գիտակցելու ազգերի գոյատեւման հիմնական պայմանները: Պրն Նռանյանը նման մոտեցմամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը անպտուղ ու վտանգավոր համարեց:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարցազրույց տվեցին «Միր» հեռուստաընկերությանը: