National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2013
Նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները
1 / 4

Մայիսի 17-ին նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրով:Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար թեկնածուների ցանկի մատչելիությունը: Ակնկալվում է ընտրող մարմնի անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ ստանդարտ ստուգումը:Ըստ արդարադատության նախարարի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը եւ հնարավոր կլինի գնահատել հավակնորդի՝ որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնց մի մասը նախարարն ընդունելի համարեց: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանն առաջարկեց իր եւ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի մշակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի` որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ:

Օրինագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքի գաղտնիությունը:

Ապա հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի հստակեցնել օրենսգրքերում առկա անհստակությունները եւ լրացնել բացթողումները: Այս փաթեթը եւս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով հանձնաժողովն այնուհետ քննարկեց «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի օրենսգրքերի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Այս օրինագծերի վերաբերյալ եւս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քվեարկությամբ որոշվեց հունիսի 4-ին կազմակերպել «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ: Նրանք ներկայացրին բյուջեի կատարողականի մասին հաշվետվություն կազմելու եւ ներկայացնելու վերաբերյալ միջազգային փորձը:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին ՝ խնդիրը համակողմանի ուսումնասիրելու համար՝ նշելով, որ առաջատար երկրների փորձի կիրառումը արդյունավետ կլինի մեր երկրի համար:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց օրենքների կիրառման վերահսկողության միջազգային փորձը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման քառամյա ծրագիրը (SANAP) ուղղված է խորհրդարանի ներկայացուցչական, վերահսկողական եւ վերլուծական կարողությունների հզորացմանը: Նախաձեռնության բաղկացուցիչ մասն է օրենքների կիրառման մշտադիտարկումը, որի շուրջ էլ ծրագրի փորձագետները համագործակցում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի բնորոշմամբ՝ ուսումնասիրելով արդեն ընդունած օրենքների կիրառման ընթացքն ու առանձնահատկությունները՝ խորհրդարանը հնարավորություն կունենա արագ արձագանքել բացահայտված բացթողումներին կամ սողանցքներին եւ համապատասխան լրամշակումներ կատարել: Նաեւ՝ օրենքներն առավել ճկուն դարձնել՝ փոփոխելով իրողություններին ու զարգացումներին համահունչ: Մշտադիտարկման ու հետադարձ կապի ապահովման արդյունքում, Գագիկ Մինասյանի համոզմամբ, օրենսդրական դաշտն էականորեն կբարելավվի:

Միջազգային փորձն ու օրենքների կիրառման նկատմամբ վերահսողության մեթոդներն ու միջոցները տարբեր են աշխարհի տարբեր երկրներում: Ծրագրի շրջանակներում ու քննարկումների արդյունքում կողմերը նախատեսում են գտնել մեր երկրի համար կիրառելի եւ ամենարդյունավետ տարբերակը: Հանձնաժողովի անդամներին միջազգային փորձը ներկայացրեց ՄԶԳ խորհրդատու Թոմաս Բրայդլը:

Քննարկմանը հրավիրվել էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Գագիկ Մինասյանի խոսքերով՝ օրենքների կիրառման մշտադիտարկումն ընդհանուր խնդիր է, ու լուծումներն էլ պետք է միասնական լինեն: ԼՂՀ Աժ գործընկերների հետ համատեղ քննարկումները, հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, շարունակական բնույթ են կրելու:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցությանը եւ բարեկամական կապերին: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթի դրույթներով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեւերը, համաձայնագրի կիրառման արդյունքում առաջացած ֆինանսական հարցերի կարգավորման եւ վնասների հատուցման սկզբունքները, ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության առանձնահատկությունները:

Համաձայնագրով սահմանվում են նաեւ լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու ու լրացնելու, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելու եւ գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:




17.05.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծեր...

17.05.2013
Հանդիպում հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 17-ին հանդիպեց պետական տարբեր մարմիններ ու կուսակցություններ ներկայացնող Կանանց լիդերության դպրոցի ունկնդիրների հետ: Հանձնաժողովի նախագահը ունկնդիրներին ծանոթացրեց Ազգային ժողովի գործառույթներին, անդրադարձավ խորհրդարան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am