National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ
1 / 2

«Հարգելի գործընկերներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որի շուրջ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս տվյալ երկրում առկա ոչ միայն գլոբալ հիմնախնդիրները, զարգացման հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները, այլեւ երկրի զարգացման, ապագայի վերաբերյալ քաղաքական ուժերի սրտացավության եւ շահագրգռվածության մակարդակը: Այս տեսանկյունից առաջինը, որ պետք է արձանագրել, այս դահլիճում տեղի ունեցած շահագրգիռ, երբեմն ծայրահեղ գնահատականներ պարունակող քննարկումներն ու հնչած հարցադրումներն էին: Սա նշանակում է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերն ու անհատ պատգամավորներն իսկապես շահագրգիռ են Հայաստանն օր առաջ դարձնելու ավելի զարգացած, ավելի կայուն եւ ավելի ապահով երկիր: Եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատգամավորներին` ակտիվ քննարկումների համար:

Կառավարության գործունեությունը, ինչպես նշված է ծրագրի հենց սկզբում, հիմնված է լինելու ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթների, այլեւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների ծրագրային այն հիմնական գաղափարների ու մոտեցումների վրա, որոնք համահունչ են այդ փաստաթղթերին, իրատեսական են եւ կարող են նպաստել մեր երկրի ներդաշնակ զարգացմանը: Ես շատ եմ կարեւորում այս մոտեցումը, քանի որ դրա արդյունքում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի համախմբման մի յուրատեսակ հարթակ է ստեղծվում` թեկուզեւ առանձին հարցերի կամ հիմնախնդիրների լուծման շուրջ, անկախ խորհրդարանում այդ քաղաքական ուժերի ներկայացվածության աստիճանից եւ քաղաքական կարգավիճակից:

Այս հանգամանքը վկայում է նաեւ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները բաց են կառուցողական ու հիմնավորված բոլոր առաջարկությունների քննարկման եւ առկա խնդիրները համատեղ լուծելու ուղղությամբ ջանքերի միավորման համար:

Կառավարության այս ծրագիրը մի կողմից զգալիորեն տարբերվում է նախորդ ծրագրից` առաջարկելով նոր գերակայություններ ու մոտեցումներ, իսկ մյուս կողմից` հանդիսանում է նախորդ ծրագրի օրգանական շարունակությունը` իր մեջ ներառելով նաեւ նախկինում սկսած այն բոլոր բարեփոխումները, որոնք իրենց տրամաբանական ավարտին դեռ չեն հասել: Եվ դա բնական է, քանի որ ընտրությունների արդյունքում ստանալով մեր քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն՝ Հանրապետական կուսակցությունը, իր գործընկերների հետ միասին, պետք է շարունակի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք հավանության էին արժանացել մեր ժողովրդի կողմից եւ չեն կորցրել իրենց արդիականությունը:

Ես շատ կարեւոր եմ համարում այն հինգ գերակայությունները եւ դրանց իրականացման հիմնական ուղղությունները, որոնք դրված են կառավարության 2013-2017 թվականների ծրագրի հիմքում: Գերակա այդ ուղղությունների որդեգրումը համարում եմ ճիշտ ժամանակին ընտրված, ինչպես նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ երկրում ժողովրդավարության խորացման բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակային ու ճիշտ թիրախների ընտրություն: Այս ուղղություններով արդյունավետ աշխատելու պարագայում, վստահ եմ, որ մենք կհասնենք այն ցուցանիշներին ու արդյունքներին, որոնք ծրագրված են առաջիկա 4 տարիների համար:

Հարգելի գործընկերներ.

Կցանկանայի  խոսել նաեւ այն մարտահրավերների ու ռիսկերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկայում` կապված համաշխարհային տնտեսությունում եւ մասնավորապես` Հայաստանի առեւտրային գործընկեր երկրներում ու տարածաշրջաններում ընթացող հետճգնաժամային հայտնի գործընթացների հետ: Բաց տնտեսության մոդելը, որը կիրառվում է նաեւ մեր հանրապետությունում, ունենալով մի շարք առավելություններ` համաշխարհային շուկաներին արագ ինտեգրվելու, ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների ներդման լայն հնարավորությունների եւ այլ առումներով, մյուս կողմից` իսկապես կարող է իր վրա շատ արագ զգալ արտաքին աշխարհում տեղի ունեցող տարբեր երեւույթների հետեւանքները, դրանով իսկ վտանգելով կառավարության ծրագրով նախանշված արդյունքներին հասնելու գործընթացը: Ուստի, կառավարության գործունեությունը պետք է ունենա նաեւ ճկունության անհրաժեշտ մակարդակ, եւ, նշված ռիսկերի ի հայտ գալու դեպքում, անմիջապես համարժեք արձագանք ապահովի նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Իսկ մենք էլ պետք է պատրաստ լինենք այդ գործում արագ եւ օպերատիվ աջակցելու ՀՀ կառավարությանը:

Ինչ վերաբերում է քննարկված ծրագրի վերաբերյալ հնչած կարծիքներին եւ դիտողություններին, կարծում եմ, պետք է ելնենք նաեւ այն իրողությունից, որ թերեւս չկա այնպիսի քաղաքական մի փաստաթուղթ, որի վերաբերյալ, ցանկության դեպքում, հնարավոր չլինի բազմաթիվ դիտողություններ անել եւ թերություններ մատնանշել:

Ես համաձայն եմ, որ կան թերություններ, բացթողումներ: Բայց համաձայն չեմ այն կարծիքների, այն գնահատականներ  հետ, թե այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել:

Ազգային ժողովի, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվեցին: Միմյանց քննադատեցինք որոշ դեպքերում օբյեկտիվ, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվ: Սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք իր քարոզչությունը չկառուցեց այլ քաղաքական ուժերին կամ թեկնածուներին քննադատելու վրա, այլ՝ ներկայացրեց իր կողմից իրականացված ծրագրերն ու ապագա անելիքները:

  Ինչեւիցե, ավարտվել են ընտրությունները, եւ ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության եւ  համատեղ աշխատանքի կոչ եմ անում: Մանավանդ որ, համոզված եմ, առանձին կարեւորագույն հարցերի շուրջ միակարծիք ենք՝ Հայաստանի Հանրապետության հզորացում, Արցախի զարգացում եւ անկախության ամրապնդում:

Ես միանշանակ համամիտ եմ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետի հետ, որ 2008 թվականից սկսած՝ այսօր ամենանպաստավոր ժամանակն է իրականացնելու  շարունակական տնտեսական աճ ապահովող անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրեր, որոնք  կհանգեցնեն  աղքատության ծավալների զգալի կրճատմանը, արտագաղթի նվազեցմանը եւ վերջնական դադարեցմանը:Համոզված եմ, որ մեր բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք արձանագրել այս հաջողությունները:

  Շնորհակալություն»:



23.05.2013
Քննարկում Ազգային ժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում  պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձավ գ...

23.05.2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Ազգային ժողովում մայիսի 23-ին շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը: Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը ՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ»  քաղաքականության  շրջանակներում ԱԺ նիստին ներկա  «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ ծրագրում ընդգր...

23.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին
Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերությունները գրանցել են աննախադեպ զ...

23.05.2013
Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ
Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 23-ին հանդիպեց «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ «Իրավական իրազեկման դպրոցական ակումբներ» ծրագրով Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Դպրոցականները ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am