Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսությանը վերաբերող մի շարք հարցերի:
Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է «Բաց դռներ» ծրագիրը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդների միջոցով ծանոթանալու հասարակությանը հուզող հարցերին:
Ուսանողներն ԱԺ փոխնախագահին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կատարելագործմանը, պետական բյուջեով տնտեսության տարբեր ճյուղերի հատկացումներին, նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին եւ հնարավորություններին:
Այցի ավարտին ուսանողները Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: