Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական խմբերի նիստերին, ինչպես նաեւ՝ վեհաժողովի Քաղաքական հարցերի, Անվտանգության եւ քաղաքացիական չափման, Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության ու Գիտության եւ տեխնոլոգիայի հարցերի հանձնաժողովների նիստերին: Հանձաժողովներում քննարկումներ են ծավալվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ անդրադարձ է եղել ճգնաժամերին, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամին, Աֆղանստանում անվտանգության պահպանմանը եւ այլ հարցերի:
Պարոն Նահապետյանն անդրադարձել է Քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկված «Ռուսաստանը եւ Եվրատլանտյան անվտանգությունը» զեկույցին՝ նշելով, որ դրանում ԼՂ հակամարտությանն առնչվող որոշ ձեւակերպումներ առաջացրել են հայկական պատվիրակության անհանգստությունը: «Խնդիրն այն է, որ ԼՂ-ի մասով կային որոշ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին»,- ասել է պարոն Նահապետյանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ մեր պատվիրակները բարձրաձայնել են իրենց մտահոգությունը, գրավոր առաջարկներ ներկայացրել: Զեկույցում Ռուսաստանի հետ կապված որոշ ձեւակերպումներ են ներկայացվել, որոնք առնչվում են նաեւ ԼՂ հակամարտությանը. մասնավորապես հակամարտության ծագման եւ ներկա փուլում Ռուսաստանի ունեցած ազդեցության, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում է ներկայացված կոնֆլիկտը: Խորհրդարանական պատվիրակությունը հստակ առաջարկներ է ներկայացրել՝ նշելով, որ սխալ է նույն համատեքստում դիտարկել բոլոր հակամարտությունները: Ադրբեջանական պատվիրակությունը եւս ներկայացրել է իր առաջարկները: Նախագահողն ընդհատել է ադրբեջանցի պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարցադրումներ են հնչեցվել: Հիմնական զեկուցող Օյարս Կալնինշը, սակայն, ներկայացված առաջարկները հաշվի չի առել:
Կորյուն Նահապետյանը նշել է, որ զեկույցը թեեւ ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն, այդուհանդերձ, մտահոգություններ կան նաեւ զեկույցի մակարդակով եւ աշխատանքներ պետք է տարվեն, որ նման ձեւակերպումները բացառվեն:
Քննարկվել է նաեւ Սիրիայում խորացող ճգնաժամի եւ փախստականների հիմնախնդիրը: Հայկական պատվիրակությունն իր առաջարկներն է ներկայացրել նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից քննարկվող եւ ընդունվող առանձին բանաձեւերի կապակցությամբ: Առաջարկվել է, որ ԽՎ-ն կոչ անի անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին՝ աջակցություն ցուցաբերելու գործընկեր պետություններին Մերձավոր Արեւելքում պատերազմներից տուժած փախստականներին ապաստան տալու հարցում: «Հայաստանի Հանրապետությունն ընդունել է ավելի քան 16000 փախստական, այդ հարցում ունենք լրջագույն խնդիր եւ ակնկալում ենք, որ ՆԱՏՕ անդամ պետություններն աջակցություն կցուցաբերեն Հայաստանին՝ որպես գործընկեր պետություն»,- նշել է պատվիրակության ղեկավարը: Հայկական պատվիրակության առաջարկն ընդունվել է:
«ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներն եղել են բարենպաստ՝ անկախ այն հանգամանքից, որ զեկույցներից մեկում կան մեզ համար անցանկալի ձեւակերպումներ»,- ասել է պարոն Նահապետյանը: Նրա խոսքով՝ զեկույցի հեղինակի հետ զրույցից եւ քննարկումներից պարզ է դարձել, որ հիմնական շեշտադրումը ՌԴ-ի հետ է կապված եւ ԼՂ-ի վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չի եղել:
Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է նաեւ, որ Անվտանգության եւ քաղաքացիական չափման հանձնաժողովում առաջարկ է եղել հաջորդ տարի հանձնաժողովի այցերից մեկն իրականացնել Հայաստանում:
Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն էլ հավելել է, որ զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշը գիտակցել է, թե ինչ սխալներ է արել եւ ընդունել է դրանք: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրն ակադեմիական ճշմարտությանն է ավելի շատ վերաբերում: «Հասկանալի էր, որ պետք էր ՌԴ բառը նշել զեկույցում՝ նշել են, մեզ էլ ասում են, թե դուք ինչու եք խառնվում, դա ձեզ չի վերաբերում»,- նշել է պարոն Պողոսյանը: