Հոկտեմբերի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» բանավեճի ակումբի անդամները:
Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանը եւ նշել, որ այն խորհրդարաններում տեղի ունեցած դեպքերից ամենաողբերգականն է համարվում:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության ոլորտները, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ որոշումների կայացման ընթացակարգերը, օրենսդիր մարմնի գործունեությունը եւ լիազորությունները: Նա նաեւ անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին: Արտակ Դավթյանը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը հասարակական եւ քաղաքական կյանքում:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ակումբի անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին:
Այցի ավարտին հյուրերը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: