Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով ներկաներին, խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին` կարեւորելով անհատի պարկեշտությունը, բանիմացությունն ու դաստիարակությունը եւ որպես օրինակ՝ նշել հայ եւ համաշխարհային քաղաքական ու պետական գործիչների մտքերն ու գրառումները:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնք վերաբերել են նույնականացման քարտերի կիրառմանը, կրթությանը, սահմանային լարվածությանն ու երիտասարդների գործունեությանը:
Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: