Հոկտեմբերի 29-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաները:
Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին, հանգամանալի ներկայացրել է ՀՀ կառավարման համակարգը, օրենսդիր մարմնի գործունեությունը եւ լիազորությունները:
Նա նաեւ ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը, մանրամասն անդրադարձել սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա եւ հանրության շրջանում լայնորեն քննարկվող որոշ դրույթների:
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է կիրթ եւ բանիմաց երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում: ԱԺ փոխնախագահն աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ եւ լինել լավ մասնագետ:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Հերմինե Նաղդալյանի հետ: