Մայիսի 3-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցրել է՝ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձեւաչափը, այդտեղ նույն հարցե՞րն են քննարկվում եւ հետաքրքրվել՝ ո՞ւմ որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը մեկնել Վաշինգտոն:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ինքն արդեն ներկայացրել է ԱԺ դատին:
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առաջարկների փաստաթուղթ կա սեղանին: Հանձնարարել եմ, որ ԱԳՆ-ն ձեզ ծանոթացնի այդ փաստաթղթին՝ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական առաջարկներին, չեք ուզել»,- շեշտել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է մեկնել իր քաղաքական որոշմամբ:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է նաեւ, թե հնարավոր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնեւում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձեւաչափով:
«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որեւէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Արցախի թեմային ու հայտնել, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել:
«Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին»,- ասել է երկրի վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: