National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.04.2010
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը` հաստատելով ապրիլի 6-8-ի նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ` լրացումների եւ հետաձգումների վերաբերյալ նախագծերը:

 ԱԺ նիստին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մասնակցում էին Արարատի մարզի մի խումբ բարձր դասարանցիներ:

Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյա նիստում քննարկված ՀՀ  օրենքների նախագծերը, որից հետո շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին ՀՀ Նախագահի կողմից  ներկայացված «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան /կից առարկությամբ/, որը ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության  առարկությունը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության հայտարարությանը կոնվենցիայի վերաբերյալ, որտեղ ասվում է. «Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի կարողանա երաշխավորել կոնվենցիայի դրույթների կատարումը իր` Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված տարածքներում, մինչեւ այդ տարածքները չազատագրվեն օկուպացիայից»: Այս հայտարարության կապակցությամբ կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը կցել է հետեւյալ առարկությունը. «Ադրբեջանի Հանրապետության կողմից «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 2005 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրման ընթացքում կատարված վերապահման վերաբերյալ համաձայն կոնվենցիայի 23-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունն առարկում է: Ադրբեջանի Հանրապետությունը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը եւ կարեւորությունը այն հակասության պատճառների եւ ազդեցության վերաբերյալ, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով` ուղղված ազատ կամքի ճնշմանը, որին հետեւում է մեծ քանակությամբ զինված ուժերի ագրեսիան ուղղված անկախ Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ օկուպացվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից»:

2009 թվականի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 115 պետություն, ուժի մեջ է մտել 54 պետության համար: Կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կարծիքը դրական է: Այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը եւ չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ:

Կոնվենցիայի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության  եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրինագիծը` կից փաթեթով: Պարոն Բադալյանը նշեց, որ ստացվել է 6 առաջարկություն ՀՀ կառավարությունից, որոնց ընդունման  արդյունքում փաթեթը լրամշակվել է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը:

Խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ  քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ Կանոնակարգի  համապատասխան հոդվածի համաձայն  քննարկվեց արտահերթ կարգով: Օրինագծի հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը վերապահել իրավունք, որի համաձայն միջազգային պայմանագրերի կնքման ընթացքում, կնքման որեւէ փուլում, քանի դեռ միջազգային պայմանագիրն ուժի մեջ չի մտել, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունենա միակողմանիորեն չեղյալ հայտարարելու պայմանագրային գործընթացը: Հեղինակներն առաջարկում են նաեւ նախատեսել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի հաստատման կամ վավերացման ժամանակ վերապահում անելու հիմքերը, ինչն  ըստ հեղինակների` ՀՀ օրենսդրությամբ խիստ սահմանափակված է:  Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ վերապահում սահմանելու իրավունքն ընձեռել ինչպես հանրապետության Նախագահին, այնպես էլ Ազգային ժողովին:  Օրինագծերի հեղինակների կարծիքով` այս խնդիրը կարեւոր է նույն իշխանության մարմինների  միջեւ լիազորությունների տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սկզբունքի լիարժեք գործադրման համար:

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ոչ դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը: Բացասական կարծիք էր ներկայացրել նաեւ ՀՀ կառավարությունը, որը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Ըստ այդմ` առաջարկվող առաջին փոփոխությունն արդեն  մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ կատարվել է: Մյուս փոփոխությունները ՀՀ կառավարությունն աննպատակահարմար է համարում, քանի որ օրենքով ՀՀ Ազգային ժողովին չեն կարող վերապահվել այնպիսի լիազորություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ: Վերապահում անելու հիմքերի սահմանումը ըստ ՀՀ կառավարության` կսահմանափակեն ներպետական մակարդակում այդ իրավունքների իրացումը, դրանով իսկ կաշկանդելով միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության գործողությունները:

 Մտքերի փոխանակությանը մասնակցեցին ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, ովքեր իրենց ելույթներում պաշտպանեցին օրենսդրական  նախաձեռնությունը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՅԴ  անդամ Արծվիկ Մինասյանը եւս տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը` մեկ անգամ եւս բարձրաձայնելով, որ կառավարության եւ քաղաքական մեծամասնության ներկայացրած պնդումներն արդարացված չեն:

 ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությանը դեմ են քվեարկելու թե ՀՀԿ խմբակցությունը, թե քաղաքական կոալիցիան:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը խորհրդարանական մեծամասնությանն առաջարկեց դիմել ՀՀ  Սահմանադրական դատարան` ստանալու նրա մեկնաբանությունը առաջարկվող փոփոխությունների սահմանադրականության վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ պատգանավորներն սկսեցին «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Օրինագծով ՀՀ  կառավարությունն առաջարկում է  1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին տրամադրել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը: Պարոն Դավթյանի տեղեկացմամբ, այդ իրավունքից 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կօգտվեն շուրջ 3700 վետերաններ:  Նա  նշեց, որ վետերանի մահվան պարագայում ժառանգները փոխհատուցումն ստանալու իրավունք չեն ունենա: Ընդունումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնակման հրապարակման հաջորդ օրվանից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` նշելով, որ  3700 վետերանի հաշվարկով կատարված փոխհատուցման համար պետական բյուջեից կհատկացվի 700-900 մլն դրամ:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ապրիլի 7-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջում ԱԺ Կանոնակարգի համաձայն պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
 


06.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ողջունելով գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նա Հայաստան է այցելել կարեւոր իրադարձության ժամանակ.  այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային...

06.04.2010
Խորհրդարանական անցուդարձին ականատես եղան եւ բաց դասին մասնակցեցին Արարատի մարզի դպրոցականները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 6-ին խորհրդարան էին այցելել Արարատի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Ավանդույթի համաձայն նրանք հնարավորություն ունեցան հետեւելու իրենց այցի պահին ընթացող քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին հերթական...

06.04.2010
Ցուցահանդես` նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին
ՀՀ ԱԺ նախագահի աջակցությամբ՝ ապրիլի 6-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով՝ խորհրդարանի Կանաչ սրահում տեղի ունեցավ դիզայներ-նկարիչ Արեւ Պետրոսյանի ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, մշակույթի գործիչներ ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am