National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.04.2010
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հաձնաժողովների նիստերը
1 / 8

Ապրիլի 23-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հաձնաժողովների նիստերը: 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 2007թ. նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության  փոխօգնության մասին» համաձայնագիրը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ` համաձայնագրի նպատակն է մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության  միջոցով ավելի արդյունավետ  դարձնել մաքսային օրենսդրության  խախտումների եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխմանը  ուղղված գործողությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 1995թ. սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի  փոփոխությանը վերաբերող արձանագրությունը, որի նպատակն է կոնվենցիայի արաբերեն լեզվով տարբերակը հավասարազոր եւ վավերական դարձնել մյուս պաշտոնական լեզուներին:

1998թ. հոկտեմբերի 1-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Արձանագրության նպատակն է կոնվենցիայի չինարեն լեզվով տարբերակը հավասարազոր եւ վավերական դարձնել մյուս պաշտոնական լեզուներին:

Քննարկված համաձայնագիրը եւ արձանագրությունները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը եւ Լարիսա Ալավերդյանի կողմից ներկայացված «1988-1992 թթ ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂՀ-ի բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները  որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց մինչեւ 15 օրով:  

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ որոշեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն ներկայացնել կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Գործադիրն առաջարկում է լրացում կատարել քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածում եւ քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլ նաեւ վարչական գործով ակնհայտ սուտ ցուցմունք, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծով առաջարկվում է վարձատրություն նախատեսել Երեւան քաղաքում տեղական ընտրությունների տեղամասային հանձնաժողովների անդամների համար: ԱԺ պատգամավորներն առաջարկեցին վերոնշյալ դրույթին տալ հետադարձ ուժ, ինչը հնարավորություն կտա վարձատրել Երեւանում արդեն կայացած տեղական ընտրությունների տեղամասային հանձնաժողովների անդամներին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը որոշեց մինչեւ 15 եւ 30 օրերով հետաձգել 7 օրինագծի եւ 1 օրենսդրական փաթեթի քննարկումները:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը նշեց, որ լրացումների նպատակն է ապահովել հատուկ նշանակության սննդամթերքի, կենսաակտիվ սննդային հավելումների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդի սահմանափակումների պահպանումը եւ վարչական պատասխանատվության ենթարկել գովազդին ներկայացվող պահանջները խախտող անձանց:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկեց «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագծի համահեղինակ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ այս  օրենքի ընդունումը պայմանավորված է հողի հարկի` սահմանված արտոնությունների ժամկետի երկարաձգման   անհրաժեշտությամբ: Բազմաթիվ հարկատուներ օգտվել են տրամադրված հարկային արտոնություններից, ինչն էլ որոշակիորեն նպաստել է վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը: Հարկատուների մի մասը, տարբեր օբյեկտիվ հանգաանքներով պայմանավորված,  չեն կարողացել  օգտվել տրամադրված հարկային արտոնություններից, որն էլ  սույն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ է հանդիսացել:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը վերաբերում էր հեստապարային ծառայության կանոնակարգմանը, ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը:

Բանախոսի տեղեկացմամբ` հեստապարային ծառայության մատուցումը առնչվում է ոչ միայն զուտ բարոյական, այլեւ իրավական ու սոցիալ-քաղաքական այնպիսի առանցքային նշանակություն ունեցող ոլորտի, որում ծագած հարաբերությունների օրենսդրական կարգավորման բացակայությունը որոշակիորեն նվազեցնում է մարդկանց առեւտրի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի գործնական կիրառման հնարավորությունները:

Նշված ոլորտի իրավական կարգավորման անհրաժեշտությունը թելադրված է նաեւ միջազգային փորձով:

Համեմատական վերլուծությունը հնարավորություն է տալիս միջազգային փորձի հիման վրա առանձնացնելու հետեւյալ հիմնադրույթները` գործունեության տվյալ տեսակը համարվում է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրություն, հեստապարերի ծառայություն, որպես կանոն, մատուցվում է միայն բնակավայրերի այնպիսի հատվածում, որտեղ բացակայում են բնակելի շենքեր, կրթական հաստատություններ, նշված հաստատություններ կարող են հաճախել միայն 18 տարեկանից բարձր տարիքի անձինք, ինչպես նաեւ պարուհիներ կամ պարողներ կարող են լինել միայն 18 տարեկանից բարձր տարիքի անձինք, հեստապարային ծառայություն մատուցող կազմակերպությունում սպասարկում իրականացնող անձանց տարիքը պետք է բարձր լինի 21 տարեկանից, հեստապարային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան ներքին անվտանգության ծառայություններ եւ այլն:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել հուսալի դարձնելու կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը, զերծ կպահի բնակչության հանգիստն անհարկի խաթարումներից, ինչպես նաեւ կնպաստի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված  նախագծերին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ երրորդ ընթերցման ներկայացված «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին» «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (նախագծերի փաթեթ) օրինագծերին:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Օրենքի նախագծի համաձայն`  վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց` ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Պարոն Օսիկյանի տեղեկացմամբ` ակադեմիայի վերջին տարիների ուսումնադաստիարակչական պրակտիկան ցույց է տվել, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողները ուսումնառության տարիներին դրսեւորում են բարձր կարգապահություն, առավել գիտակցված մոտեցում մասնագիտության ընտրության հարցին, արագ են հարմարվում ոստիկանությունում իրականացվող հատուկ ծառայության առանձնահատկություններին եւ ռեժիմին: Օրենքի նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությանը իրավունք է վերապահվում իրականացնել վճարովի կրթական ծառայություններ (կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ նպատակներով):

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, ապրիլի 23-ի նիստում քննարկեց ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները` երաշխավորելով դրանք դրական եզրակացությամբ ընդգրկել գարնանային նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

«Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ու «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններով գործադիրը մտադիր է ներդնել Եվրամիության չափանիշներին համապատասխանող ներքին աուդիտի համակարգ: Ներքին աուդիտի մասին նախագիծը խորհրդարանում  ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն միջազգային չափորոշիչներին համահունչ օրենք ունենալու  նպատակով այն  լրամշակվել  է եւ կրկին կքննարկվի առաջին ընթերցման ընթացակարգով: Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հանձնաժողովի նիստում մանրամասնեց նոր համակարգի սկզբունքները, կանոնները եւ շրջանակը:  Նախագծում ներքին աուդիտը բնորոշվել է որպես  անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ` ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետությանը եւ բարելավմանը: Ներքին աուդիտը, ըստ բանախոսի,  կիրականցվի կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ գործող աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` որակավորված աուդիտորների կողմից եւ կընդգրկի ֆինանսական կառավարման եւ հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները: Նախագծով  ներքին աուդիտի ենթակա` հանրային հատվածի կազմակերպություններ են համարվել պետության եւ համայնքների հիմնարկները,  պետական կամ համայնքների ոչ առեւտրային, ինչպես նաեւ հիսուն տոկոսից ավելի պետական եւ համայնքնային մասնակցությամբ  կազմակերպությունները: Նախագիծը նախատեսում է կազմակերպության ղեկավարին ներկայացնել աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն: Զեկուցողը տեղեկացրեց, որ այս նախագիծը չի կարգավորելու Կենտրոնական բանկի ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները: Փաթեթը առաջարկվեց ընդգրկել առաջիկա քառօրյայի օրակարգում:

Օրակարգային մյուս հարցերը առնչվում էին բանկային համակարգին.  դրանք ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում կառավարության հեղինակած փոփոխություններն  արգելում են բանկերին անձամբ վարել իրենց պետական ռեեստրը եւ ընկերություններին`  իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը: Փաթեթը, ըստ Վաչե Գաբրիելյանի, բաժնետիրական  ընկերություն հանդիսացող բանկերին ընձեռում է ընտրության հնարավորություն` իրենց մասնակիցների ռեեստրի վարումը փոխանցել Կենտրոնական դեպոզիտարիային կամ իրենց հետ չփոխկապակցված մասնագիտացված այլ կազմակերպություններին:  Հարցը որոշվեց ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերում:

«Պետական տուրքի մասին» եւ հարակից երեք օրենքներում լրացումների եւ փոփոխությունների  փաթեթը, զեկուցողի ներկայացմամբ, սահմանում է այն ծառայություններն ու գործողությունները, որոնք  ԿԲ-ն մատուցում կամ իրականացնում է որպես պետական մարմին: Միաժամանակ ներկայացվում են  գործունեության որոշ տեսակների լիցենզավորման համար պետական տուրքի նոր դրույքաչափեր: Մասնավորապես առաջարկվում է բարձրացնել արտարժույթի առքուվաճառքի, ինչպես նաեւ գրավատնային   գործունեության լիցենզավորման համար  սահմանված  տուրքը: Օրենսդրական այս փաթեթը որոշվեց առայժմ ընդգրկել գարնանային նստաշրջանի օրակարգում: Գագիկ Մինասյանն առաջարկեց պետական տուրքի վերանայված դրույքաչափերին անդրադառնալ ավելի ուշ` քառօրյայի օրակարգում հարցն ընդգրկելիս:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար լրամշակվել  եւ հանձնաժողովի գնահատման է ներկայացվել «Ավտոտրանսպորտային  միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը` 14 օրենքներում համապատասխան փոփոխություններով: ԿԲ նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից արված 40 առաջարկությունների գերակշիռ մասն  ընդունվել է: Մասնավորապես Գագիկ Մինասյանի առաջարկության հիման վրա  օրենսդրորեն է ապահովվել ապահովագրավճարների հաշվարկման ու գանձման  թափանցիկությունը, բացառվել խտրական վերաբերմունքի հնարավորությունը ապահովադիրների նկատմամբ: Նախատեսվել է ինտերնետային կայքում ապահովագրավճարի հաշվիչ ունենալու պարտադիր  նորմ ապահովագրական ընկերությունների համար: Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ` նախագծից հանվել է  կենսաթոշակային տարիքը տուժողի կորցրած աշխատավարձի հատուցումը դադարեցնելու հիմք դիտարկող կետը: Վաչե Գաբրիելյանի փոխանցմամբ` փաթեթում կատարվել են մի շարք այլ լրամշակումներ եւս, այդ թվում եւ կառավարության առաջարկությամբ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեցին երկու հարցեր: Օրակարգում ընդգրկված վեց հարցի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց  «Հանրային հեռուստառադիոընկերության 2009 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան հաղորդումը` նշելով  Հանրային հեռուստառադիոընկերության որդեգրած քաղաքականության ուղղությունները, հաշվետու ժամանակաշրջանում  կատարած  եւ չկատարած աշխատանքները, դրանց չկատարման պատճառները եւ հետագա ծրագրերը:

Ըստ Ալեքսան Հարությունյանի` 2009 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքի  վրա բացասական ազդեցություն են ունեցել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, արտարժությթի տատանումները, ինչի հետեւանքով որոշակիորեն կրճատվել են ֆինանսական մուտքերը, ինչի պատճառով էլ նախատեսված որոշ ծրագրեր չեն իրականացվել: Նա հավաստիացրեց, որ չիրականացված ծրագրերի մի մասը կիրականացվի այս տարի: Չնայած ունեցած դժվարություններին` այնուամենայնիվ, Հանրային հեռուստառադիոընկերությունը, ըստ  ներկայացված հաղորդման, մնացել է ամենադիտվողներից մեկը:   Հանձնաժողովն ԱԺ կանոնակարգի համաձայն ի գիտություն ընդունելով ներկայացված հաղորդումը,    ներկայացրեց նաեւ դիտողություններ եւ առաջարկներ:  Հանձնաժողովի նախագահն առաջարկեց խորհրդարանի լիագումար նիստում ավելի մանրամասն   ներկայացնել ֆինանսական ծախսերը: Հանձնաժողովի անդամներ Լիլիթ Գալստյանի եւ Անահիտ Բախշյանի դիտողությունները վերաբերում էին Հանրային հեռուստառադիոընկերության պատրաստած հասարակական-քաղաքական հաղորդումներին, որոնք, ըստ նրանց, չեն արտացոլում հասարակության տարբեր շերտերի տեսակետները եւ կարծիքները:  «Հանրային հեռուստառադիոընկերության 2009 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ  քննարկեց նաեւ պատգամավորներ  Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Վահան Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի հեղինակած «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:  Փոփոխությունների ընդունման պարագայում ՀՀ կառավարությունն իրավունք կստանա մշակույթի նախարարության առաջարկով մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպությունների շնորհել «Ազգային» կարգավիճակ: Հեղինակներն առաջարկում են նման կարգավիճակ տալ այն կազմակերպություններին, որոնք երկարամյա գործունեություն են ծավալել, առանձնացել են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, հարստացրել եւ զարգացրել են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստել են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանել են ազգային եւ համամարդկային արժեքների տարածմանը, նպաստել են հասարակության բարոյական եւ գեղագիտական դաստիարակությանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկում է կատարել որոշ իրավական ձեւակերպումների փոփոխություն, ինչին ի պատասխան հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանն ասաց, որ առաջարկները կքննարկեն համահեղինակների հետ:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: 

Նույն օրը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական  նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ  ՀՀ կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:


23.04.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  ապրիլի 26-29-ի  ԱԺ չորսօրյա նի...

23.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարին
Ապրիլի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի  խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլյորիին, ով Իտալիայի խորհրդարանն է ներկայացնելու ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Հովիկ Աբր...

23.04.2010
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հանդիպումները խորհրդարանում
Ապրիլի 23-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության ընդհանուր հանձնաժողովի զեկուցող Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպեցին ԱԺ  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am