National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.04.2010
Խորհրդարանական հերթական ճեպազրույցները
1 / 6

Ապրիլի 30-ին խորհրդարանական  ճեպազրույցներում Աժ ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցների հիմնական թեմաներն էին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը եւ պետական համակարգում սպասվող  կրճատումները:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմանը, ասաց. «Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանը պետք է վերցնի իր ստորագրությունը, արձանագրություններն այս տեսքով վավերացման ենթակա չեն եւ վերապահումների մասին խոսք լինել չի կարող»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության համար երկու մոտեցում է ընդունելի` դիվանագիտական նոտաներ փոխանակելով հետագայում Թուրքիայի կողմից միակողմանի փակված սահմանի բացում, եւ եթե թուրքական կողմից նախապայմանները տրվում են, այդ դեպքում հայկական կողմը պետք է սեղանին դնի բոլոր այն պատմական իրողությունները, հարցերը եւ խնդիրները, որոնք մինչ այժմ կան, եւ այդ ամենը պետք է քննարկվի միասին, այդ թվում ցեղասպանության, հայրենազրկման, վերադարձի եւ փոխհատուցման խնդիրները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` պետք է մտահոգիչ համարել այն, ինչ տեղի է ունենում սառեցված գործընթացի պայմաններում: «Պաշտոնական Երեւանը պետք է շատ հստակ ուղերձ ուղարկի ԵԱՀԿ-ին, միջազգային կառույցներին, որ Ղարաբաղի խնդիրը պատերի տակ քննարկվող խնդիր չէ »:

Ստյոպա Սաֆարյանը,  անդրադառնալով  պետական ապարատում նախատեսվող կրճատումներին, ասաց, որ պետական կառավարման համակարգը  բավականին ուռճացված է,  եւ վաղ թե ուշ այդ քայլը պետք է արվի: Նա միաժամանակ ռիսկային համարեց այդ նախաձեռնությունը, քանի որ, նրա կարծիքով, կտուժեն լավ կադրերը, այլ ոչ թե նրանք, ում համար արհեստականորեն ստեղծվել էին լրացուցիչ աշխատատեղեր:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումից` «Օրինաց երկիր»  խմբակցության ղեկավար Հեղինե  Բիշարյանն ասաց.  «Կարեւորում ենք կասեցման գործընթացը զուտ այն առումով, որ հայկական կողմը ցուցաբերեց սկզբունքայնություն: Մենք ի սկզբանե ասել էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի կարգավորման խնդրում չենք առաջնորդվելու նախապայմաններով»: Հայկական կողմը, ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիայի ղեկավարությունը պարբերաբար նախապայմաններ է օգտագործում` կասեցրեց գործընթացը, մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների անդրադառնալու հարաբերությունների կարգավորմանը: «Մենք պետք է շարունակենք այն, ինչ սկսել ենք: Կասեցումն արդարացված է, եւ մենք պետք է հետեւողականորեն կարողանանք կարգավորումը տանել առաջ: Կգա ժամանակը, երբ Թուրքիան եւ կընդունի ցեղասպանությունը, եւ կհասկանա, որ պետք է իր հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորի»,-նշեց Հեղինե Բիշարյանը` հավելելով, որ երբ Թուրքիան պատրաստ կլինի նման մոտեցման, Հայաստանը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորմանը:

 Տիկին Բիշարյանին մտահոգել է աշխատատեղերի կրճատման հարցը, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով այսօր բավականին գործազուրկներ կան: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն ասաց, թե եթե կրճատումները  միտված են կառավարության  աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, իսկ եթե ինքնանպատակ է, ապա պետք է կոալիցիայի նիստում քննարկվի այդ հարցը, որպեսզի պարզ դառնա , թե ինչի մասին է խոսքը:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ  կարեւորեց քառօրյայում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: Պարոն Մարգարյանը նշեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը  ինքնակամ շինություններին վերաբերող օրինագծում  փոփոխություններ է նախաձեռնել, որի շուրջ կառավարության հետ համաձայնության են եկել, նախագիծը խորհրդարանը  ընդունել է երկրորդ ընթերցմամբ: Նրա տեղեկացմամբ` այս օրենքով ՀՀ համայնքների բնակիչները կարող են  անհատույց սեփականաշնորհել ինքնակամ  կառուցած շինությունները:

Հայ-թուրքական կասեցված արձանագրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելով`  ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը նշեց. «Եթե կա այն հնարավորությունը, որ թուրքական խորհրդարանը երբեւէ կարող է վավերացնել, սա կարող է նշանակել, որ որքան էլ գնահատենք հայկական կողմի կատարած քայլը, այնուամենայնիվ, չի նշանակում լուրջ բեկում այս գործընթացում»:

Խոսելով սպասվելիք կրճատումներից`  Արտյուշ Շահբազյանը նշեց, որ պետական ապարատի ուռճացվածությունը ավանդաբար եկած երեւույթ է: Հետեւաբար, նրա խոսքով, եթե այդ քայլը միտված է պետական կառավարման համակարգը մաքրելուն եւ որակյալ կադրերով լցնելուն, որոնք էլ կստանան համեմատաբար բարձր աշխատավարձ, ապա նախաձեռնությունը ողջունելի է: Պարոն Շահբազյանի կարծիքով` ներկա գնաճի պայմաններում պետական աշխատողի աշխատավարձը բավականին ցածր է:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունն իր դիրքորոշումը արտահայտել է կոալիցիայի հայտնի հայտարարության մեջ: Նրա խոսքով` խորհրդարանում արձանագրությունների վավերացման կասեցումը մի հնարավորություն է թուրքական կողմի գործընկերներին` վերանայելու իրենց դիրքորոշումները եւ քննարկելու առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ընդհանուր նպատակը:

Արամ Սաֆարյանի խոսքով` պետական կառավարման ապարատում աշխատատեղերի կրճատումը ինքնանպատակ չէ, քանզի կա մոդեռնիզացման, վերապրոֆիլավորման խնդիր: Բայց ճգնաժամի պայմաններում, ըստ պարոն Սաֆարյանի, պետական կառավարման համակարգի արդիականացման խնդիրը պետք է լինի հասարակական քննարկման առարկա:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմանն առնչվող հարցադրման առիթով ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ արձանագրությունները, ինչպես արձանագրվել էր ի սկզբանե, այս տեսքով չունեն նախապայմաններ առաջադրող դրույթներ, որոնք կարող են վերանայման առարկա դառնալ հայկական կողմից, սակայն Թուրքիայի հակասական քաղաքական հայտարարությունները լարում մտցրին գործընթացում, ինչն էլ պատճառ հանդիսացավ վավերացման գործընթացի կասեցմանը: «Քաղաքական իմաստով դիրքորոշումները հստակ են` մենք սպասում ենք Թուրքիայի կողմից համապատասխան, համարժեք գործողությունների, այն է` Թուրքիայի օրենսդիր մարմնում արձանագրությունների վավերացմանը»,- նշեց պարոն Զաքարյանը: Նա, մատնանշելով Թուրքիայի հայտարարություններն առ այն, թե գործընթացները դադարեցված չեն եւ իրենք պատրաստ են հարաբերությունների կարգավորման, ընդգծեց, որ պատրաստակամությունը միայն հայտարարություններով եւ խոսքերով չպետք է արտահայտվի, այլ միջազգային պրակտիկայում ընդունված կոնկրետ գործողություններով:

Անդրադառնալով պետական ապարատում սպասվող կրճատումներին` պարոն Զաքարյանը նշեց, որ կառավարման համակարգի արդյունավետությունը ենթադրում է նաեւ օպտիմալացում: «Յուրաքանչյուր բարեփոխում ունի նաեւ որոշակի ռիսկայնություն: Բարեփոխումները նրա համար են, որ հանրային կյանքի կարգավորման, պետական կառավարման եւ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված մեթոդները հնարավորինս լինեն տնտեսապես հիմնավորված»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:


30.04.2010
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակ...

30.04.2010
Հանդիպում Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ
Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոյին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լի...

30.04.2010
Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների 5-րդ հանրապետական մրցույթի բարեգործական գալա համերգ
Ապրիլի 30-ին ժամը   18  -ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցույթի դափնեկիրների բարեգործական գալա համերգը: Այն կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Համ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am