Արդեն ավանդույթ դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո` ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում, մայիսի 3-ին տեղի ունեցավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Սա մրցույթ-փառատոնի հերթական` մարզային երկրորդ փուլն էր, որին մասնակցում էին Արարատի մարզի 38 աշակերտներ: Նախնական փուլին մասնակցել էին մարզի 112 դպրոցների 1000 աշակերտներ:
Անցկացվող մրցույթ-փառատոնը նվիրված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95 ամյակին, ուստի մասնակիցները մեծ ոգեւորությամբ եւ հուզմունքով էին արտասանում բանաստեղծի բազմաժանր ստեղծագործությունները:
Հովհաննես Շիրազի մուտքը գրական ասպարեզ, նրա բովանդակալից, համաժողովրդական սիրով լեցուն կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:
Մրցույթի արդյունքում երկու տարիքային խմբերում` 11-14 եւ 15-17, հաղթող ճանաչվեցին մարզի տարբեր համայնքների վեց աշակերտներ, որոնք էլ առաջիկայում կմասնակցեն հերթական` Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:
Մայիսի 5-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում անցկացվեց մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք էին ստացել մարզի դպրոցների 40 աշակերտներ: Առաջին` նախնական փուլին մասնակցել էր մարզի շուրջ 1000 աշակերտ:
Մինչ մրցույթ-փառատոնի անցկացումը, բանաստեղծի ստեղծագործական ուղու, կյանքի ու գործունեության, սերունդների դաստիարակության գործում ունեցած ազդեցիկ ավանդի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Մրցույթի երկրորդ փուլը հաղթահարած վեց պատանիներն ու աղջիկները կմասնակցեն հերթական` Երեւանում անցկացվելիք եզրափակիչ փուլին: