Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Հյուսիսային համալսարանի մի շարք ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողները, որոնց հետ հանդիպեց եւ հերթական «Բաց դասն» անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանը երիտասարդներին փոխանցելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, նշեց, որ ստացել է ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նամակը, որում նկարագրված են ոչ պետական բուհերի խնդիրները եւ պետական եւ մասնավոր բուհերի միջեւ մրցակցային անհավասար դաշտը: Նա հավաստիացրեց, որ հանձնաժողովն առաջիկայում կնախաձեռնի խնդրի առնչությամբ քննարկումներ:
Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի շրջանակներում. քննարկվեցին բազմաբնույթ հարցեր:
Ուսանողների հետաքրքրության շրջանակներում էին վարվող ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ միջազգային կառույցների հետ համագործակցությունը, ԱԺ օրենսդրական գործունեությունը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, անվճար ուսման վերաբերյալ հարցերն ու գործազրկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական խորհրդարանն ու նրա գործառույթները: