Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները, որոնց հետ հանդիպեց եւ հերթական «Բաց դասն» անցկացրեց ԱԺ
գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանը պատանի հյուրերին փոխանցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, նշելով, որ ԱԺ նախագահը նախաձեռնել է «Բաց դռների» քաղաքականությունը` ելնելով խորհրդարան-հանրություն կապերի ամրապնդման անհրաժեշտությունից:
Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի շրջանակներում:
Երեխաներին հետաքրքրում էին բազմաբնույթ հարցեր. դրանք վերաբերում էին ՀՀ տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող բազմապիսի սերիալների բացասական հետեւանքներին, գյուղերում աշխատատեղերի պակասին, դպրոցի խնդիրներին եւ այլն: