National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.05.2011
Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2010 թ. տարեկան հաշվետվությունը
1 / 6

Մայիսի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ աշխատանքներին հետեւում են Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ օրն ընդհատված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը` առաջարկելով նոտարի պաշտոնում ընտրվելու հնարավորություն ընձեռել ոչ միայն մագիստրոսներին, այլ նաեւ բակալավրի կրթություն ունեցողներին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում նաեւ «Հանրային ծառայության մասին» եւ դրան հարակից 2 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Վարման կարգով ձայն խնդրելով` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները առաջին ընթերցումով կողմ կքվեարկեն վերոնշյալ օրենսդրական փաթեթին` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրենց առաջարկները ընդունվեն եւ շտկվեն վիճահարույց դրույթները: ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին. այս մասին բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ԱԺ խմբակցությունների ղեկավարներին արագ կարգով կառավարությանը ներկայացնել գրավոր առաջարկները, քանի որ կառավարությունը անհետաձգելի է համարել օրինագծերի փաթեթի ընդունումը, իսկ եթե կառավարության ներկայացուցչի համար անընդունելի կլինեն այդ առաջարկները, այդժամ կոալիցիոն քաղաքական ուժերը հարցը կքննարկեն եւ քվեարկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Պատգամավորները քվեարկությամբ մերժեցին ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2010 թ. տարեկան հաշվետվությունը: Նա նշեց, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 40 ընթացիկ հաշվետվություններում, որոնք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն:

Հաշվետու տարում պետական մարմիններում, համայնքներում եւ այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ, որոնցից առավել ուշագրավ են ծավալային հավելագրումները, գնային արհեստական թանկացումները, անորակ աշխատանքները, շինարարական օբյեկտների փաթեթներում բացակայում են ճարտարապետահատակագծային փաստաթղթերը: Կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացի օրինականության եւ արդյունավետության գնահատման նպատակով Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14 տարածքային բաժիններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: 2008-2009 թթ. եւ 2010 թ. ութ ամիսների կտրվածքով մահացած կենսաթոշակառուների թիվը կազմել է 58 921: Հայտնաբերվել է տարբեր բնույթի 581 խախտում: Մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար: Մահվանից հետո կենսաթոշակառուի անվամբ պարբերաբար վճարվել է ամենամսյա թոշակ: Առանձին դեպքերում տարածքային բաժիններից բացակայում են կենսաթոշակառուների գործերը: Պատվովճար նշանակվել է պատերազմի վետերան չհանդիսացող անձանց, մահացած վետերաններին: 2011թ. հունվարից թոշակների վճարումները ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է «Հայփոստ» ընկերությունը: Վերահսկիչ պալատի եւ «Հայփոստի» միջեւ աշխատանքային համագործակցության արդյունքում, արդեն 2011 թ. հունվար ամսին չի վճարվել 20,650 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսել 1 մլրդ 365 մլն դրամ: Բացահայտվել է, որ ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրումը, ժամկետների երկարաձգումը եւ լիցենզային պայմանագրերի կնքումը, որոշ դեպքերում, իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով: Բուհ-երում բյուջետային միջոցների ոչ ճիշտ պլանավորման եւ սխալ հաշվարկների արդյունքում, հաշվետու տարում, վերահսկողությամբ արձանագրվել են պետական բյուջեից ավելի ֆինանսավորման դեպքեր: Պարոն Զաքարյանը անդրադարձավ նաեւ Ազգային ժողովին եւ կառավարությանը ներկայացված առաջարկներին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հնչեցրեց իրեն հետաքրքրող որոշ հարցադրումներ: ՎՊ վերահսկողական աշխատանքների հաշվետվության մեջ ԱԺ-ին ուղղված առաջարկների մասով պարոն Աբրահամյանին հետաքրքրում էր, թե ՎՊ-ն աշխատու՞մ է արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների հետ արված առաջարկների իրացման ուղղությամբ եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: ՎՊ վերահսկողական աշխատանքների արդյունքների քննարկման ընթացքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով կառավարությունը հարակից զեկույցի եւ երկու արտահերթ ելույթի իրավունք ունի, սակայն կառավարությունը, ինչպես նկատեց պարոն Աբրահամյանը, չի օգտվել իրեն տրված հնարավորությունից: «Կարելի է ենթադրել, որ ձեր կողմից կատարված ուսումնասիրությունների հետ կառավարությունն ուղղակի համաձայն է: Եվ վերջին հարցը` ի՞նչ արձագանք են գտել կառավարությանն ուղղված այդ առաջարկությունները թերացումների, խախտումների հետ կապված»,- ասաց ԱԺ նախագահը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական փոփոխություններին առնչվող առաջարկները քննարկել հանձնաժողովում, ապա ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Նա կարեւորեց հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքը ՎՊ-ԱԺ համագործակցության առանցքում: Պատասխանելով պարոն Աբրահամյանին հետաքրքրող հաջորդ հարցին` ՎՊ նախագահն ասաց, որ իր կարծիքով զեկուցումն ու ելույթը զուտ  կառավարության խնդիրն ու իրավունքն է: ՎՊ խորհրդում հաշվետվությունները հաստատվելուց հետո օրենքի համաձայն մեկամսյա ժամկետում ուղարկվում է կառավարություն, որից հետո գործադիրը պետք է ՎՊ-ին պատասխանի այն առարկություններով, որոնց հետ համաձայն չի կամ ունի որոշակի դիտողություններ ու առաջարկներ: Պարոն Զաքարյանը նշեց, որ այս պահի դրությամբ ուղարկված հաշվետվությունների վերաբերյալ կառավարությունից որեւէ բացասական արձագանք կամ ՎՊ տվյալների հետ չհամաձայնելու խնդիր չի եղել ու որեւէ բան չի ստացվել:

Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ հաշվետվության ձեւին, ինչը, ըստ նրա, նորույթ է եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Պարոն Մինասյանի հաղորդմամբ` միջազգային փորձը վկայում է, որ ՎՊ-ները պետք է առաջարկներ ներկայացնեն ոչ միայն խորհրդարանին եւ կառավարությանը, այլեւ վերահսկվող մարմիններին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ՎՊ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական փոփոխություններին միտված առաջարկները հանձնաժողովում մանրամասն քննարկելու մասին:

Եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ՎՊ-ի ներկայացրած առաջարկների շուրջ քննարկումներ կազմակերպել ոչ միայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, այլեւ խորհրդարանական բոլոր հանձնաժողովներում:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2010 թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: Նշվեց, որ 2010 թ. մակրոտնտեսական զարգացումների հիմնական առանձնահատկությունը բարձր գնաճային միջավայրի ձեւավորումն էր: Վերջինս պայմանավորող հիմնական գործոններից էր միջազգային շուկայում պարենային ապրանքների գների կտրուկ աճը: Ներքին պահանջարկի եւ աշխատանքի շուկայի զարգացումների պայմաններում տնտեսությունում տարվա ընթացքում նկատվել են որոշակի գնաճային ճնշումներ, որոնք, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել են 0.5-0.8 տոկոսային կետ: Այդուհանդերձ, դրամավարկային քաղաքականության խստացման պարագայում անգամ 2010 թ. արձանագրվել են տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպեր` 26.7%, որն ավելի քան երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, եւ առավելապես պայմանավորվել է ԿԲ-ում բանկերի արտարժութային թղթակցային հաշիվների ավելցուկային միջոցների եւ արտերկրից ներգրավված վարկային ռեսուրսների օգտագործմամբ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկույցում նկատեց, որ 2010-ը հակաճգնաժամային տարի էր եւ կառավարության քայլերն ուղղած էին տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելուն: Պարոն Մինասյանը նշեց, որ ՀՀ դրամավարկային քաղաքականությունը հաշվետու տարում միտված էր գնաճի զսպմանը եւ տնտեսական աճի խթանմանը:

2011 թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը եւս ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: 2011 թ. սկզբին շարունակվող գնաճային զարգացումների պարագայում հաստատվել է 2011 թ. ՀՀ դրամավարկային քաղաքանության ծրագիրը, որտեղ կանխատեսված գնաճն ունի հետեւյալ վարքագիծը. դեռեւս 2010 թ. փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճով եւ հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված 2011 թ. առաջին կեսում 12-ամսյա գնաճը պահպանվելու է բարձր մակարդակում: Նրա խոսքով` 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքն առաջին կիսամյակի ավարտին կազմելու է ավելի քան 9%: 2011 թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացմամբ պայմանավորված տարվա երկրորդ կիսամյակից կանխատեսվում է գնաճի տեմպերի նվազում եւ տարվա վերջում տատանումների թույլատրելի միջակայքում դրա ձեւավորում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարեւորեց ԿԲ կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության խստացման միջոցառումները:

Նշենք, որ քննարկված երեք հարցերի քննարկումները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն ավարտվում են հիմնական եւ հարակից զեկուցողների եզրափակիչ ելույթներով, առանց որեւէ փաստաթղթի ընդունման:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նշվեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ընդլայնել իրավաբանական օգնության շրջանակները, հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները եւ փաստաբանների իրավունքներն ու երաշխիքները, ստեղծել Փաստաբանական դպրոց:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հարակից ելույթում նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթը համապատասխանում է ժամանակակից իրավաբանության պահանջներին: Այդուհանդերձ, պարոն Պետրոսյանն անդադարձավ օրենսդրական փաթեթի վիճահարույց կետերին` նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի գրավոր առաջարկներ: Նա առաջարկեց իր գործընկերներին կողմ քվեարկել փոփոխություններին:

ՀՀ արդարատատության նախարարը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացրեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փոխանցեց Վահագն Մախսուդյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս հարցի առնչությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ կառավարությունը ներկայացրել էին դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնեցին հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Երկրորդ ընթերցումով քննարկվեց նաեւ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացմամբ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հաղորդեց Արա Նռանյանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Կարեն Վարդանյանի, Հակոբ Հակոբյանի, Գոհար Ենոքյանի, Արա Սիմոնյանի եւ ՀՀ կառավարության ներկայացրած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Նռանյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բացառել ՀՀ ժամկետանց, ինչպես նաեւ ընդհանուր պիտանիության ժամկետից 3/4-ից ավելին անցած ժամկետով uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր,  պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի ներկրումը, իրացումը եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործումը: Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել մարդու կյանքն ու  առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն ներկայացված բոլոր առաջարկները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հարցը քննարկել է, ներկայացրել դիտողություններ եւ օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Կառավարությունը հարցի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցումով: Պարոն Բաբլոյանը նշեց, որ 1996 թ. ընդունված օրենքով կարգավորված չեն մի շարք սկզբունքային հարցեր` մարդու իրավունքը  ախտաբանաանատոմիական հերձումներից հրաժարվելու վերաբերյալ, ախտաբանաանատոմիական հետազոտությունների եւ հերձումների անցկացման վայրը եւ մասնագետների պահանջը,  ախտաբանաանատոմիական թափոնները եւ այլ հարցեր: Ներկայացված օրենդրական նախաձեռնությունը ուղղված է լուծելու վերոնշյալ հարցերը` հաշվի առնելով ինչպես ներկա համակարգում առկա հիմնախնդիրները, այնպես էլ միջազգային փորձը ու պահանջները:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկված երկու հարցերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում: Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
 


12.05.2011
Խաչիկ գյուղի դպրոցականները` խորհրդարանում
Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները, որոնց հետ հանդիպեց եւ հերթական «Բաց դասն» անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նա...

12.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ  նախագահի հուշանվերով: Մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարին եւ նրան հա...

12.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90- ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Միրզոյան,  ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ  90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Դուք հայկական երաժշտության այն երախտավորներից եք, ում շնորհիվ   մեր մշակույթը հասել է միջազգային ճանաչման: Անկեղծությամբ եւ հզոր զգացմունքայնությամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am