Մայիսի 18-ին, արդեն 34-րդ անգամ, աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը: Դա մի տոն է, որ կապված է յուրաքանչյուր ազգի հոգեւոր ժառանգության ու պատմամշակութային հիշողության հետ եւ վկայությունն է այն բանի, թե ինչպես են ազգերը պահպանում իրենց մշակութային հարստությունը:
Շնորհիվ իր թանգարանների, որոնց ցուցանմուշներն անընդհատ համալրվում են, Հայաստանն ունի բացառիկ հարստություն, որն առանձնահատուկ ներդրում է համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության զարգացման պատմության մեջ: Այն անցյալի պատմությունից եկող եւ դեպի ապագայի պատմություն գնացող արժեքավոր այցեքարտ է:
Թանգարանները յուրօրինակ կամուրջ են ժամանակների եւ մշակույթների միջեւ, նրանցում ոչ միայն արժեքներ են պահպանվում, այլեւ կատարվում է գիտական- լուսավորչական լուրջ աշխատանք` ի դեմս իրենց գործի անխոնջ մշակների:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աշխատանքի բերումով ու հոգու մղումով կապված են թանգարանային գործին: Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, բարեկեցություն եւ երջանկություն: