National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 6

Մայիսի 20-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: 
  
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները:

Համայնքի ղեկավարի / քաղաքապետի կամ գյուղապետի/  աշխատակազմը սահմանվում է որպես համայնքային կառավարչական հիմնարկ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական  անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 
  
ԱԺ ֆնանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովը   իր նիստում հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, հավանության արժանացրեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքներում լրացումների փաթեթը: Այն կներկայացվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի ներկայացմամբ` նախագծերը նպատակ ունեն բարելավել գործարար միջավայրը, մասնավորապես  վերացնել հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից վարկային բյուրոներին տեղեկատվություն տրամադրելու օրենսդրական խոչընդոտը: Այս փոփոխության արդյունքում օպերատորը հաճախորդների պարտքերի վերաբեյալ տեղեկատվությունը կարող է տրամադրել վարկային բյուրոներին` նախապես հաճախորդին այդ մասին իրազեկելով եւ վարկային բյուրոյի հետ  պայմանագիր ստորագրելով: Այսօրինակ տեղեկատվություն բյուրոներն արդեն իսկ ստանում են կոմունալ-կենցաղային այլ ծառայություններ մատուցողներից: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գնահատմամբ` այս փոփոխությունը կբարձրացնի վարկերի հասանելիությունը, հնարավորություն կստեղծի վարկ տրամադրել դեռեւս վարկային պատմություն չունեցող անձանց:  Պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արծվիկ Մինասյանն առաջարկել են փաթեթում  հստակեցնել, թե ինչ տեղեկատվության պետք է  ներկայացվի վարկային բյուրոներին:

Հանձնաժողովը որոշեց հաստատել նաեւ «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվութունը, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Գագիկ  Մինասյանին երաշխավորել հանդես գալ որպես հիմնական զեկուցող` հաշվետվությունը լիագումար նիստում քննարկելիս: 
  
ԱԺ  առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր` 2010 թ. բյուջեի  կատարման հաշվետվությունը: Արա Բաբլոյանի նախագահությամբ հանձնաժողովը, ամփոփելով կատարողականի քննարկումները, որոշեց հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` առողջապահությանը վերաբերող բաժինը: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում ապրանքային շարժի մեծածախ - մանրածախ  շղթայում սպառողական ապրանքների գնագոյացման կարգավորման, բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովման արդի պահանջով եւ բխում է մանրածախ շուկայում գնագոյացման դժվար կառավարելիությունից: Օրինագծի նպատակն է  պետական կարգավորման լծակների կիրառմամբ կանխել չհիմնավորված գնագոյացումը եւ պաշտպանել հասարակությանը տնտեսական ցնցումներից:

Սահմանվում է, որ եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից յուրաքանչյուրի մանրածախ գնի աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կազմի երեսուն եւ ավելի տոկոս, ապա  ՀՀ կառավարությունն իրավունք ունի  լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքի (ապրանքների) մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել մանրածախ գների վերին շեմ կամ առեւտրային վերադրի չափ` ոչ ավել, քան իննսուն օրացուցային օր ժամկետով: 
  
Քննարկվեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների իրականացման եւ դրանց արդյունքում նոր ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրման անհրաժեշտությամբ:

Այն նպատակ ունի պլանավորել ստուգումների կազմակերպման եւ իրականացման ընթացակարգերը` ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ` այլ կարգավորում տալով ստուգումների անցկացման հաճախականությանը եւ դրանց կազմակերպմանը, ստուգումների արդյունքների ամփոփմանը եւ դրանց հետեւանքներին` կապված տնտեսավարող սուբյեկտին այս կամ այն ռիսկային խմբում ընդգրկելու եւ դրա հիման վրա հետագայում այդ սուբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Նախագծով առաջարկվող կարգավորումների շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները եւ ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսավարողներին, ինչպես նաեւ ավելի արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսները: Արդյունքում, ցածր ռիսկայնությամբ մեծաքանակ տնտեսավարողներ,  հատկապես բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտները չեն անհանգստանա հաճախակի ստուգումների խնդրից, իսկ վերահսկող մարմինները հնարավորություն կստանան իրենց հիմնական ռեսուրսներն ուղղել դեպի այն տնտեսավարողների, որոնք ընդգրկված են բարձր ռիսկայնության խմբում: 
  
Օրակարգային հաջորդ հարցը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն էր, որի անհրաժեշտությունը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, պայմանավորված է  առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում որոշ հասկացությունների հստակեցման եւ օրենքով ամրագրման, առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունների, ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական  կամ հեղուկացված գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի համար տեղական տուրքի շեմը նվազեցնելու խնդիրներով: 
  
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի անհրաժեշտությունը բխում է  օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված հարկային արտոնությունները պետական աջակցության բյուջետային ֆինանսավորման գործիքներով փոխարինելու քաղաքականությունից: 
  
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ կաթից ստացվող արտադրանքի մեջ, որպես հիմնական պարենային հումք, հաճախ օգտագործվում է ոչ թե բնական թարմ հեղուկ կաթ, այլ նրա մշակման ենթարկված տեսակները (չորացրած, խտացրած եւ այլն), որը մակնշման մեջ չի արտացոլվում: Օրենքի նախագծով առաջարկվում է գնորդին մատուցել ամբողջական տեղեկություն, որը կարող է նպաստել նաեւ թարմ կաթից պատրաստվող մթերքների սպառման աճին եւ հանրապետությունում ստացվող կաթի պահանջարկի մեծացմանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ բարձրացնել սպառողների իրազեկվածության մակարդակը սննդային հավելումների վերաբերյալ: 
  
Քննարկվեց նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Քննարկված բոլոր օրինագծերն էլ ստացան դրական եզրակացություն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին« (երկրորդ ընթերցում),   «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» (երկրորդ ընթերցում), «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (երկրորդ ընթերցում),   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին»(երրորդ ընթերցում), «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երրորդ ընթերցում)  օրինագծերին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգեց Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» եւ Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Լարիսա Ալավերդյանի հեղինակած

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: Հիշեցնենք, որ Երկու նախագծերն էլ վերաբերում են բացօթյա առեւտրի խնդիրներին: Նկատի ունենալով  երկու նախագծերը միավորելու  հեղինակների ցանկությունը եւ հաշվի առնելով մոտեցման տարբերությունները` հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ներկայացնել համատեղ օրինագիծ եւ այն քննարկել  հանձնաժողովի` մայիսի 23-ի նիստում: Տեղեկացնենք նաեւ, որ  Դեմիրճյան փողոցի` Ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ցույցի անողների 3 ներկայացուցիչներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  առաջարկով  նույնպես մասնակցում էին հանձնաժողովի նիստին: 
  
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ երկրորդ ընթերցման ներկայացված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: 
  
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Նույնականացման քարտերի մասին» եւ դրան հարակից 7 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նույնականացման քարտը նախատեսվելու է ՀՀ տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ:

ԱԺ պատգամավորների հարցադրումները վերաբերում էին քարտային համակարգի ներդրման նպատակահարմարությանը, մատնահետքի հանձնմանը կամավորության սկզբունքով, քարտերի կիրառմամբ պայմանավորված տեխնիկական մի շարք խնդիրների առաջացմանը:

Հարակից ելույթում Դավիթ Հարությունյանը նշեց, որ արդեն 1,5 տարի է օրենսդրական փոփոխությունները քննարկվում են խորհրդարանում: Նա կարեւորեց նույնականացման քարտերի կիրառումը նաեւ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի տեսանկյունից:

Հանձնաժողովը որոշեց երաշխավորել օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու:

«Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը առաջին ընթերցման ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Փոփոխություններով առաջարկվում է սնանկության գործի ընթացքում պարտապանի ապահովված պարտավորությունների նկատմամբ բացառել մորատորիումի գործողությունը: Պարոն Ջավադյանը նշեց, որ պրակտիկայում հաճախակի են դարձել անպարտաճանաչ վարկառուների ինքնասնանկացման համար դատարան ներկայացվող դիմումները, ինչի արդյունքում այդ անձինք հայտնվում են արտոնյալ դրության մեջ` համակարգային ռիսկեր ստեղծելով ողջ ֆինանսական համակարգի համար:

Առաջին ընթերցումով քննարկվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ: Նշվեց, որ հարցի առնչությամբ ԱԺ մշտական հանձնաժողովում կազմակերպվել են քննարկումներ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվությունից ազատում` հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցման բոլոր դեպքերում:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրինագիծը եւս ներկայացրեց արդարադատության նախարարը: Փոփոխություններով առաջարկվում է կազմել դատավորների առանձին մասնագիտացված ցուցակներ, որում կընդգրկվեն համապատասխան դատավորների թեկնածուները, սահմանվել է նաեւ թեկնածությունների յուրաքանչյուր ցուցակում ընդգրկվող թեկնածուների թիվը:

Հարակից ելույթում Դավիթ Հարությունյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ եւ առաջինից երկրորդ ընթերցում շտկել բոլոր վիճահարույց դրույթները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված երեք հարցերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի հեղինակած ՀՀ ընտրական օրենսգիրք եւ դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանք է կատարվել եվրոպացի փորձագետների հետ, կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, հեղինակային խումբը հանդիպել է ոլորտի պատասխանատուների հետ եւ քննարկել նրանց առաջարկները: Կատարված աշխատանքի արդյունքում օրենսդրական փաթեթն էապես փոխվել է: Պարոն Հարությունյանն անդրադարձավ բովանդակային եւ հոդվածային փոփոխություններին: Այսպես` ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից: Պարոն Հարությունյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու եւ ընտրողների ցուցակները ճշտելու կարգը: Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Որոշվել է ՏԸՀ-ում հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոններից պահպանել միայն հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ դրանց ներսում` անկախ սեփականության ձեւից: ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել, եթե ունեն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքում ստացել են դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեսթային ստանդարտ եղանակով:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ առանցքային մի շարք այլ փոփոխությունների եւ հիմնավորեց դրանց նպատակահարմարությունը:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանն առաջարկեց կողմ քվեարկել փոփոխություններին:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին մի շարք օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Մելիքյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկումների արդյունքում հանձաժողովը որոշեց դրական եզրակացությամբ քննարկված հարցերն ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր դռնփակ նիստում քննարկեց եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրվելուն դրական եզրակացություն տվեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկությանը:


20.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 23-26-ի  ԱԺ չորսօրյա ն...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք  թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունելով նրանց` Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ շնորհավորեց թանգարանների միջազգային օրվա առթիվ եւ առաջարկեց անկաշկանդ մթնոլորտում քննարկել ոլորտի խնդիրներն...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ  մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրությունում ներկայացված են նկարչի 50 աշխատանքներ, ինչպես նաեւ նախկինում Հայաստանի ազգայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am