Մայիսի 25-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցի բարձր դասարացիները եւ նրանց ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ԱԺ փոխնախագահը դպրոցականներին ներկայացրեց մեր երկրի սահմանադրական կարգի հիմունքները, ընտրությունների անցկացման կարգը, օրենսդիր մարմնի գործունեությունը, Ազգային ժողովի սահմանադրական լիազորությունները, օրենսդրական նախաձեռնությունների ընդունման ընթացակարգը, խորհրդարանում քաղաքական ուժերի ներգրավվածությունը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների փոխհարաբերությունները:
Անմիջական ու անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտները օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին ուղղեցին հանրակրթությանը, մշակութային արժեքների պահպանմանը, նոր աշխատատեղերի բացմանը, տնտեսության զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց աշակերտներին լավ սովորել եւ դառնալ լավ մասնագետներ: