National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.05.2011
Խորհրդարանը քննարկեց համաներման հարցը
1 / 6

Ազգային ժողովը մայիսի 25-ի նիստում ընդունեց նախորդ օրը ներկայացված` մեկ տասնյակից ավելի օրակարգային հարցերը եւ անցավ հանրապետության նախագահի` համաներման առաջարկության քննարկմանը:

Մինչ այդ պատգամավորների անունից  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դասի» շրջանակներում օրենսդիր մարմին այցելած` Գյումրի քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Աժ որոշման նախագիծը` հատուկ կարգով: Նախարարը նշեց, որ համաներումը Հայաստանի Նախագահի բարի կամքի դրսեւորում է, հումանիստական քայլ: Նրա խոսքով, սակայն,  համաներումը  պետք է ընկալել ոչ միայն որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես պատասխանատվության ընկալման մի նոր հավաստում: «Սա բնավ չի նշանակում զգոնության թուլացում: Ավելին, ապագայի հանդեպ մեր ունեցած մտահոգությունները մեզ պարտադրում են լինել էլ ավելի անհանդուրժող օրինախախտումների հանդեպ»,- հայտարարեց արդարադատության նախարարը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ համաներման արդյունքում 396 դատապարտյալ ազատ կարձակվի, 379 անձանց պատժաչափիի վրա այն կտարածվի մասնակիորեն: Այս թվերը դեռեւս ենթակա են փոփոխման. պատճառված նյութական վնասի փոխհատուցման դեպքում համաներումը կկիրառվի նաեւ 348 անձանց վրա, ինչպես նաեւ, նախնական կալանքի տակ գտնվողներին ընդգրկելով, նրանց թիվը կավելանա եւս 20 տոկոսով:

Համաներման այս որոշումը կվերաբերվի մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց, իսկ որոշման պահանջները կկատարվեն մինչեւ սեպտեմբերի 21-ը: Նշենք, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 9-րդ համաներումն է եւ իր ծավալներով ու հոդվածների ընդգրկվածությամբ տարբերվում է նախորդներից, մասնավորապես վերջին` 2009 թ.-ին կիրառված համաներումից:  Եթե որոշ դեպքերում այս համաներումը կընդգրկի  նոր հոդվածներ, ապա կաշառակերությունը, ինչպես նաեւ ընտրական իրավունքի դեմ կատարված հանցագործությունը, որպես պետական քաղաքականություն, չեն ենթարկվի համաներման: Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Նախագահի  համաներման առաջարկը` տալով դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում հնչած առաջարկների հիման վրա  որոշման նախագիծը վերանայվել է:

Համաներման առաջարկի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 
  
«Հարգելի պատգամավորներ,

Որպես Ազգային ժողովի նախագահ ես բարձր եմ գնահատում «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  Նախագահի առաջարկությունը,  որն  իմ կարծիքով սպասված եւ միանգամայն արդարացված քայլ է: Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում թվով 9-րդ, բայց աննախադեպ համաներումն  է, որն  առաջինն է լինելու իր  կիրառման,  ազդեցության շրջանակի, ծավալի ու դրսեւորման առումով եւ ունի թե՛ մարդասիրական, եւ թե՛ քաղաքական նշանակություն, եւ համոզված եմ, որ այս համաներումն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտի ու հասարակական մթնոլորտի վրա: Այս կապակցությամբ մեր քաղաքական գնահատականը միանշանակ դրական է, եւ պետք է  ողջունել այն տեսակետից, որ պետությունն իր գթասրտությունը, ինչու չէ` իր մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում այսպես կոչված «սխալված քաղաքացիների» նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաեւ շատ կարեւոր մի նպատակի` հանրության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու եւ համագործակցության հենք ստեղծելու համար: Ընդհանրապես,  եւ  մարդասիրության, եւ բարոյական, եւ՛ քաղաքական տեսանկյունից, մենք կարեւորում եւ ողջունում ենք այն, ինչը վստահորեն կարելի է ասել միտված է մեղմելու երկրում կուտակված լարվածությունը եւ  խթանելու է հանդուրժողականության, համերաշխության եւ միասնականության  մթնոլորտի ձեւավորմանը:

Հայտնի է, որ շատ երկրներում, պետական տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, տվյալ երկրների նախագահները իրենց հայացքն ուղղում են, մասնավորապես, անազատության մեջ գտնվող անձանց` որպես մարդասիրական վերաբերմունք: Այս կապակցությամբ, նախ` ուզում եմ շեշտել, որ այսօրինակ ներքաղաքական որոշումների համար չկան ժամանակային սահմանափակումներ: Այն պետք է կիրառել ըստ անհրաժեշտության, ինչն այսօր իսկապես առկա է, եւ հետո` սա նաեւ դաստիարակչական քայլ է, մարդասիրության դրսեւորում` ուսանելի այն մարդկանց համար, ովքեր ազատության մեջ գտնվելով կկարողանան իրենց ուժերը հետագայում ներդնել ի բարօրություն մեր երկրի, մեր պետականության:

 Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարվող համաներումը ճիշտ ժամանակին իրականացվող եւ միանգամայն հիմնավոր քայլ է, որով փորձ է արվում քաղաքական օրակարգի եւ քաղաքական մշակույթի մեջ որոշակի բեկում մտցնելով վերջնականապես հաղթահարել ներքաղաքական լարվածությունը:

Հարգելի պատգամավորներ,

Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց համաներման ակտի հիմնական կառուցվածքը, ուղղվածությունը  եւ այն պայմանները, որոնցով առաջարկվում է ընդունել համաներման ակտը, եւ կրկին դրան անդրադառնալու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա:

Կան երկրներ, որտեղ համաներումը դիտվում է որպես զուտ քաղաքական քայլ` ուղղված բազմաթիվ ներքին խնդիրների լուծմանը եւ, իհարկե, լարվածության թուլացմանը, իր հետ բերելով նաեւ սոցիալական, հոգեբանական եւ այլ խնդիրների լուծումներ: Մեր երկրում համաներումը ներառում է թվարկածս գրեթե բոլոր խնդիրները` եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալ-հոգեբանական, սակայն ամենակարեւորն, իմ համոզմամբ, քաղաքացիական համերաշխության ձեւավորումն է, առանց որի երկրում իրականացվող բարեփոխումները երբեք չեն դառնա ժողովրդի սեփականությունը: Համաներումը ենթադրում է նաեւ որոշակի կատեգորիայի անձանց լրիվ կամ մասնակի ազատում քրեական պատասխանատվությունից եւ պատժից՝ ելնելով ոչ միայն քաղաքական եւ տնտեսական նպատակահարմարությունից, այլեւ, առաջին հերթին, բարու եւ արդարության հանդեպ հավատից, ինչպես նաեւ ժողովրդավարական, իրավական պետությունում նման մարդասիրական քայլի սոցիալական պայմանավորվածությունից:

Մենք ձեզ հետ միասին պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրը ստանում է իր արժանին, եւ եթե կատարված հանցանքը բնորոշ չէ տվյալ մարդուն, այլ նրա կյանքում եզակի բնույթ է կրում կամ պատահականության ու որոշ հանգամանքների արդյունք է, ապա պետք է այդ անձանց ուղղվելու եւ ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն տրվի:

Բայց այստեղ ստիպված եմ հիշեցնել, որ չպետք է համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության եւ ծնում նոր հանցագործություններ:  Իրականում համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է, որը քաղաքացիական համերաշխության, հանդուրժողականության, փոխվստահության ամրապնդմանը զուգահեռ մարդասիրության ազդակ է հղում ողջ հասարակությանը:

Կուզենայի անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության բոլոր թեւերը շոշափելի ներդրում ունեցան համաներման փաստարկների, սկզբունքների եւ հիմնադրույթների հստակեցման եւ ի վերջո` այս փաստի կայացման գործում:  Սրանով լուրջ հարցերը միասնաբար լուծելու նոր մշակույթի հիմք դրվեց մեզանում, ինչը, կարծում եմ, մեծ դեր է ունենալու ապագա բոլոր խնդիրների լուծման ժամանակ:

Հարգելի՛ գործընկերներ.

Այսօր, մինչեւ քվեարկությունը, եկեք մի պահ խորհենք Հանրապետության Նախագահի խոսքերի շուրջ. «Հիշե՛ք, որ մենք մեծ գործ ունենք անելու, հիշե՛ք, որ մենք պաշտպանելու եւ արարելու՛ առաքելություն ունենք: … Մենք  իրավունք չունենք մեզ թույլ տալու մեր երկրում ունենալ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված հասարակություն, մենք իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք իրար հանդեպ տածում են, այսպես ասեմ, բացառիկ ատելություն, որոնց հարաբերությունների որակը թշնամանքն է։ Մենք պիտի կարողանանք, ի վերջո, հիմք դնել քաղաքական, քաղաքակիրթ երկխոսության մշակույթին»։ Եկեք հիշենք այս հորդորը եւ մեր քայլն անենք առ միասնականություն: Համոզված եմ` սա ուժեղ կամքի եւ շիտակ մտքի դրսեւորման քայլ է:

Կոչ եմ անում նաեւ համաներման ակտի ազդեցությամբ պատժի կրումից ազատվող քաղաքացիներին ամենայն բարեխղճությամբ մոտենալ պետության կողմից ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքին, իրենց ուժերը ներդնեն ի բարօրություն մեր երկրի, մեր պետականության, դառնան հասարակության լիիրավ եւ օրինակելի անդամներ`  նպաստելով մեր երկրի զարգացմանը»: 
  
Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, հաշվի առնելով պատգամավորների որոշ դիտարկումներ, առաջարկեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի քվեարկությունը կազմակերպել մայիսի 26-ի նիստում, երբ կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը:

Առաջնորդվելով Սահմանադրության 80-րդ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 105.1-րդ հոդվածներով` չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ հարցապնդմամբ` կառավարության պատասխանատվության հարցով: ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ`  կառավարությունը  չի ապահովել սոցիալ-տնտեսական քաղաքականության ցուցանիշները: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հարցապնդմանն ի պատասխան, ներկայացրեց կառավարության կատարած քայլերը եւ բոլոր ցուցանիշների հիմնավորումները: ՀՅԴ խմբակցությունը շրջանության մեջ էր դրել որոշման նախագիծ, որով ՀՀ նախագահին  առաջարկում էր քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Որոշման նախագիծը խորհրդարանը չընդունեց:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքներում եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթ: Անշարժ գույքի կադաստրի պետակա ն կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը  նշեց, որ այս փոփոխությունները կբերեն համակարգային  բարեփոխումների` վարչարարության բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կադաստրի համակարգում սպասարկման որակի բարձրացմանը: Բանախոսի խոսքերով` կպարզեցվի անշարժ գույքի  գործարքի կնքման ընթացակարգը, մասնավորապես կհանվի գործարքի բոլոր տեսակների  նոտարական   վավերացման պարտադիր պահանջը, գործարքի կնքումը կլինի ավելի քիչ ծախսատար:  Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ այս միջոցառումների արդյունքնում անշարժ գույքի գործարքը հնարավոր կլինի կնքել ընդամենը մեկ ատյան ներկայանալով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց Վարդան Այվազյանը, փաթեթին տվել է դրական եզրակացություն եւ կրկին կանդրադառնա առաջին ընթերցումից հետո` հետագա շտկումների համար: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` նախագծերը   անշարժ գույքի կառավարման համակարգը կփոխեն հիմնովին:

ԱԺ քառօրյայի չորեքշաբթի օրվա նիստի վերջում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


25.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացրած ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին հարցի քննարկման ժամանակ
«Հարգելի պատգամավորներ, Որպես Ազգային ժողովի նախագահ ես բարձր եմ գնահատում «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  Նախագահի առաջարկությունը,  որն  իմ կարծիքով սպասված եւ միանգամայն արդա...

25.05.2011
Բաց դաս` գյումրեցի աշակերտների հետ
Մայիսի 25-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցի բարձր դասարացիները եւ նրանց ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: ԱԺ փոխնախագահը դպրոցականներին ներկայացրեց մեր ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am