National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի բյուրոյի վերջին զարգացումները
1 / 1

Վերջին օրերին ադրբեջանցիները նորից աչքի ընկան նորաստեղծ ԵՎՐԱՆԵՍԹ-Ի խորհրդարանական վեհաժողովը քաշքշուքի եւ վիճաբանության բեմ դարձրելով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել  ս/թ.  սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում` հաշվի առնելով , որ այդ ժամանակահատվածում  մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Հենց դա էլ առաջացրել էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի  ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զայրույթը, որը դիմել էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի բյուրոյին բողոքի նամակով, որում ադրբեջանական քարոզչության ծանոթ ոճով կրկնել էր 20 տոկոս «գրավյալ» տարածքների, էթնիկ զտումների, ավելի քան 1 մլն. փախստականների եւ ընդհանրապես Ադրբեջանի իրավունքների ոտնահարման մասին ձանձրացնող կրկներգը: Իր այս պոռթկումից պրն. Էլխան Սուլեյմանովը արել է մեկ հետեւություն. ԵՎՐԱՆԵՍԹ-Ի  ԽՎ-ի նիստը Երեւանում անցկացնելն այն օրերին, երբ Հայաստանը տոնում է իր անկախությունը, գրգռիչ ազդեցություն կունենա ադրբեջանցիների վրա:

Անհեթեթ այս նամակին ի պատասխան, որով խեղաթյուրվում է Արեւելյան Գործընկերության ողջ իմաստը, հայակական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին հակադարձել է Եվրանեսթի բյուրոյին ուղղված նամակով, որի կրճատ հայերեն թարգմանությունը նեկայացնում ենք ստորեւ: Նամակի անգլերեն բնագիրը տեղադրված է Ազգայի Ժողովի կայքում:


«Հարգելի գործընկերներ,

ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի վերջին նամակը ստանալուց հետո ես խորը ափսոսանքով  կարող եմ նշել միայն, որ իմ ամենավատ կանխազգացումը արդեն իրականություն է դառնում:

 Ես ժամանակին կանխատեսում էի, որ առանձին երկրների  ազգային շահերին (անկախ նրանից, թե արդյոք դրանք ճիշտ կամ սխալ են մեկնաբանված) առնչվող որոշ խրթին հիմնախնդիրներ կընդգրկվեն Եվրանեսթ ԽՎ լիագումարների եւ հանձնաժողովների  օրակարգերում:

  Բայց ես նաեւ նախազգուշացնում էի, որ Ադրբեջանի պատվիրակությունը անխուսափելիորեն կօգտագործի այս (ինչպես նաեւ ցանկացած այլ) միջազգային կազմակերպություն` փոխակերպելով այն  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտադաշտի:

Եվ, ցավոք, այդ գործընթացն արդեն սկսված է:  Ադրբեջանի պատվիրակության  ղեկավարի  թշնամանքով եւ  անհիմն մեղադրանքներով լի  նամակը դրա առաջին նախանշանն է:

Ես իսկապես ցավում եմ, որ սադրիչ անարգանքի ենթարկվեց  Նախագահ Բուզեկի արտահայտած վստահությունը, որ Եվրանեսթ ԽՎ կխուսափի  տեղական եւ տարածաշրջանային բանավեճերի բեմ դառնալուց, այլ  կծառայի որպես    համագործակցության եւ ԵՄ-ի հետ  ինտեգրման հարթակ:

Ես մտադրված չեմ մանրամասնորեն նկարագրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը  Դաշտային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հայերի նկատմամբ,  որտեղ հայերը բնաջնջվեցին կամ վտարվեցին Հայաստանի անկախության վերականգնմանը նախորդող տասնամյակների  ընթացքում  կամ հիշեցնել անկախության վերահաստատմանն անմիջապես նախորդող Սումգայիթի եւ Բաքվի էթնիկ զտումների սարսափելի դեպքերը: Ես նաեւ հիմա նպատակ  չունեմ բացատրելու, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ազգային  ինքնորոշումն ու անջատումը  դարձան միակ հնարավորությունը  պաշտպանելու համար հայ ազգաբնակչությանը ջարդերից, զանգվածային սպանություններից եւ բռնի տեղահանումից:

Ես արդեն տեղեկացված եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է իր մայրաքաղաքը  Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար  նիստն անցկացնելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի օրակարգ կփորձեն  փաթաթել մեր վզին լիագումար նիստի  Բաքվում կայանալու դեպքում:

Արեւելյան գործընկերության բոլոր անդամ երկրներն ունեն իրենց ցավոտ խնդիրները` Մոլդովան համբերատար աշխատում է մերձդնեստրյան խնդրի շուրջ, Վրաստանը նույն կերպ փորձում է լուծել   Աբխազիայի եւ Օսեթիայի հետ կապված հարցերը,  Հայաստանը պայքարում է իր հարեւաններ  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարկադրված  անօրինական շրջափակման  լուրջ հետեւանքների դեմ`  միեւնույն ժամանակ զերծ մնալով  ռազմատենչ հայտարարություններից` չխոչընդոտելով Մինսկի խմբի ջանքերը,  Ուկրաինան դժվարին կացության մեջ  պաշտպանում է իր ազգային ինքնությունը, միասնականությունը եւ անվտանգությունը: Եվ այս բոլոր  երկրների առաջադեմ ազգային քաղաքական ուժերը միավորված են ընդհանուր գաղափարի  շուրջ` Եվրանեսթը եզակի հնարավորություն է ԵՄ-ի հետ մեր համագործակցության համար` ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների, ընտրություններում արդարության հաստատման ասպարեզում եւ  անկախ նրանից, թե որքան բարդ են արտաքին խնդիրները, դրանք չեն կարող առիթ դառնալ   սեփական ժողովրդի ազատությունն ու արդարությունը սահմանափակելու համար: Այս միտքը հստակ կերպով արտահայտել է Վրաստանի խորհրադարանի խոսնակ պրն.  Դավիթ  Բաքրաձեն  2011 թվականի մայիսի 19-ին Թբիլիսիում կայացած “Community of Democracies” համաժողովին. «Մենք այլեւս երբեք չենք օգտագործի գրավյալ   տարածքների հարցը որպես  ժողովրդավարացման գործընթացը դանդաղեցնելու պատրվակ»:

Հարգելի գործընկերներ,

Ես շատ լավ  հասկանում եմ, որ լիագումար նիստը Բրյուսելից դուրս անցկացնելը եւ՛  թանկ է, եւ՛  անսովոր, ուստի,  հաշվի առնելով ադրբեջանցի գործընկերոջ նամակը,  թվում է, թե ամենահարմար որոշումը Եվրանեսթ ԽՎ  հանդիպումները թե՛  Բաքվում, թե՛  Երեւանում  բացառելն  է:

 Բայց ամենահեշտ որոշումը ոչ միշտ է արդար լինում: Այս մասնավոր դեպքում Եվրանեսթ ԽՎ հանդիպումները Երեւանում  մեր առաջարկած ժամանակահատվածում չանցկացնելը կնշանակի մեկ պատվիրակությանը  հրապարակայնորեն զրպարտող մեկ այլ  պատվիրակության շոշափելի հաջողություն: Արդեն սա միայն բավական կլինի, որ Եվրանեսթը մղվի  դեպի տեղական եւ տարածաշրջանային  բանավեճերի ճահիճ: Արդյո՞ք ընդունելի է սա մեզ համար: Կարծում եմ` ոչ:

Եթե  հիմա կամ ապագայում մենք այնուամենայնիվ ընտրելու լինենք  երկիր կամ քաղաք ԵՎՐԱՆԵՍԹ-ի հանդիպումների համար, խնդրում եմ խորհենք լրջորեն, թե  որտեղ այդպիսի հանդիպումը ավելի կծառայի մեր ընդհանուր նպատակներին`

Ադրբեջանու՞մ: Որտեղ այն  անխուսափելիորեն կօգտագործվի որպես կատաղի հակահայկական   քարոզչության եւ վերջերս Եվրոպական պառլամենտի կողմից սուր քննադատության առարկա դարձած երեւույթների արդարացման փորձերի հարթակ:

Թե՞  Հայաստանում:    Որտեղ հասարակությունը խորապես ընդգրկված է անշրջելի  բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցների, գալիք ընտրություններն արդարորեն անցկացնելու  վերաբերյալ բուռն  քննարկումների մեջ եւ որտեղ նույնիսկ իշխանությունները ավելի ու ավելի են գիտակիցում, որ  փոփոխություններն անխուսափելի են»:
 

  
  
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am