National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
1 / 6

«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ

Հարգարժան գործընկերներ

Հարգելի պատգամավորներ 
  
Թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անունից շնորհավորել մեզ բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել դոկտոր Եժի Բուզեկին իր հրավերի համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ-ում ներկայացված բոլոր ազգային պատվիրակությունների եւ քաղաքական խմբերի ղեկավարներին` իրենց կատարած հետեւողական աշխատանքի համար, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս յուրահատուկ նախաձեռնությունը:

Դեռեւս 2004 թվականին, երբ սկիզբ առավ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը, Եվրամիության երկարաժամկետ նպատակն էր օժանդակություն տրամադրել Արեւելյան գործընկեր երկրներին եւ նույնատիպ ծրագրերի իրականացման միջոցով դյուրացնել նրանց անցումային փուլը դեպի լիարժեք ժողովրդավարություն:

Այս համատեքստում ակնհայտ է ԵՎՐԱՆԵՍԹ-ի ինքնատիպությունը: Արեւելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող Եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիր հանդիսանում:

Եվրախորհրդարանն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է հավատարմությունը համամարդկային արժեքներին` ազգերին խրախուսելով միավորվել ազատության, համերաշխության, արդարության եւ կայունության գաղափարի շուրջ, ընդդեմ արգելքներ եւ բաժանարար գծեր ստեղծելու գայթակղության, որն այնքան դյուրին է քաղաքական ասպարեզում:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է իր հավատարմությունն այս համամարդկային արժեքներին եւ եղել համագործակցության ջատագովը, իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցը:  

ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի  այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արեւելյան գործընկերությանը եւ արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմնարար արժեքներին,  հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը: Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաեւ միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջեւ վստահության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության եւ անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաեւ Պրահայի հռչակագրում:

Բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց եւ կանխատեսել մարտահրավերները: Այն նաեւ յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության եւ փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի եւ գործընկեր պետությունների խորհրդարանների միջեւ:

Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ: Այն կարող է հզոր գործիք դառնալ գործընկերության ամրապնդման եւ զարգացման գործում:

Հայաստանի  դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական եւ լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը: Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարեւորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը:

Ցանկանում եմ նաեւ հատուկ շեշտել, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել: Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի  արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐԱՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում եւ փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը:

Անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել ԵՎՐԱՆԵՍԹ-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձեւավորման եւ  նախապատրաստական աշխատանքներին   իր մասնակցությամբ:

Գլոբալացման այս դարաշրջանում բազմազանության դերը չափազանց կարեւոր է, եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցերը պետք է գերակայեն մեր քաղաքական օրակարգում: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: «Խոսքի եւ հավաքների ազատության մասին» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել մեր հանրապետությունում:

Հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ը նաեւ նոր թափ կհաղորդի մեր միջեւ առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջեւ կապերի ամրապնդման համար:

Ավարտելով ելույթս` ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ես ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական ձեւաչափը դիտարկում եմ ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանը ունի: 
  
Շնորհակալություն ուշադրության համար»:


03.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին  մասնակցում էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխա...

03.05.2011
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթը հյուրընկալվել էր ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթին: Դեսպանի հաղորդմամբ` իր այցի նպատակն է տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ տեղի են ունենալու հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ,...

03.05.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպանին
Մայիսի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքն...


03.05.2011
Երիտասարդական խորհրդարան դիմորդների համար
Հայտնում ենք, որ 2011 թվականի մայիսի 6-ին ժամը 10:00-ին եւ 16:00-ին ու մայիսի 7-ին ժամը 11:00-ին եւ 16:00-ին տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի ինքնաառաջադրված թեկնածուների թեսթավորման եւ հարցազրույցի փուլերը: Յուրաքանչյուր օրվա մասնակիցների ցուցակները կտեղադրվեն ԱԺ պաշտոնական կայքում` ս.թ. մայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am