ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ապագա պայմանագրի քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է բանակցությունների ընթացքին` նշելով, որ բանակցությունների փուլն ավարտվում է եւ առաջիկայում կունենանք ՀՀ-ԵՄ իրավական նոր փաստաթուղթ: Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով ԵՄ 500 միլիոնանոց շուկան մեր երկրի համար, դեսպանին հորդորել է եվրոպական կողմին կոչ անել ավելի հետեւողական լինելու հայկական կողմի հետ բանակցություններում Հայաստան-ԵՄ փաստաթղթի տնտեսական բաղադրիչի առումով:
Կողմերը քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր. հանձնաժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ ընտրական օրենսգրքին, նաեւ այն հարցին, թե ինչպես կարող է Եվրոպական միությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին: Տիկին Զոհրաբյանը դեսպանին հորդորել է առավել ներկայացուցչական ու երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` ընդգծելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը: