National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.11.2016
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի համար կհատկացվի 4,5 մլրդ դրամ, ՀՀ Ազգային ժողովին՝ 4 մլրդ 262 մլն դրամ, որից 4.1 միլիարդ դրամը` ապարատի պահպանման ծախսերի համար, ՀՀ կառավարությանը հատկացվելու է 11,6 միլիարդ դրամ, որով կիրականացվի 29 ծրագիր, Սահմանադրական դատարանին հատկացումները կկազմեն 584.8 մլն դրամ, Դատական դեպարտամենտին կհատկացվի 8.6 մլրդ դրամ, Քաղաքացիական ծառայության խորհրդին կհատկացվի 475 մլն դրամ, ԿԸՀ-ի ծախսերը կկազմեն 3.6 մլրդ դրամ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2016թ. Նախագահի աշխատակազմին եւ Ազգային անվտանգության խորհրդին հատկացված 5 միլիարդ 97 միլիոն դրամը 2017թվականին նվազել է 574 միլիոն դրամով: Նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետության Նախագահի կարգադրությամբ լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, եւ այն դարձել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ստորաբաժանում: Նա տեղեկացրել է, որ 2017 թվականին վարչական օբյեկտների շինարարության եւ վերանորոգման ծրագրերով գումարներ նախատեսված չեն: 520 հազար դրամով նվազել է նաեւ Կառավարման ակադեմիային հատկացվելիք գումարը, որը պայմանավորված է կոմունալ ծախսերի օպտիմալացմամբ: Արմեն Գեւորգյանի տեղեկացմամբ՝ 2017-ին մեծածավալ աշխատանք է նախատեսվում հանրապետության Նախագահի այցերի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստման համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին խորհրդարանին հատկացվելիք բյուջեն ոչ ստանդարտ է: Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ՝ շարունակվելու է երկու ծրագրերի իրականացումը՝ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների տրամադրումը եւ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստումը:

Հրայր Թովմասյանը նշել է, որ ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծրագրով ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է 390 մլն 229 հազ. դրամի տարբերություն, որը պայմանավորված է լինելու 2017 թվականին պատգամավորների թվաքանակի կրճատմամբ:

Հրայր Թովմասյանն անդրադարձել է նաեւ 2017 թվականից խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու որոշ առանձնահատկությունների: Այս համատեքստում նա ներկայացրել է նաեւ այն ծախսերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել, որոնք սակայն արտացոլված չեն պետական բյուջեի նախագծում: Մասնավորապես՝ պատգամավորների թվաքանակը նվազագույնը կլինի 104, իսկ ԱԺ նախագահը կունենա երեք տեղակալ: Այս փոփոխություններից ելնելով նախատեսվում է, որ մեկ տեղակալի եւ նրա աշխատակազմի ծախսերը կազմելու են 12 մլն դրամ, իսկ նախկին պատգամավորների լիազորությունների դադարեցման ժամանակ նախատեսվում է իրականացնել նրանց օգնականների աշխատավարձերի վերահաշվարկ, որը, ըստ հաշվարկի, կկազմի 168.824 մլն դրամ:

ԱԺ նոր կանոնակարգով նախատեսվում է պատգամավորների հայտարարությունների պարտադիր ցուցադրումը հեռուստաընկերություններով, որը նախնական գնահատմամբ կկազմի 12-15 մլն դրամ:

Նախատեսված է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների երկու դահլիճների վերազինում, պատգամավորների կենսագրությունների վերաբերյալ գրքույկի տպագրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները՝ նշելով, որ կառավարությունը հրաժարվել է երրորդ շենքի եւ այլ շենքերի պահպանման ծախսերից, կրճատվել է 24 մեքենա: Դավիթ Հարությունյանը խոսել է նաեւ միջգերատեսչական ծախսերից, անդրադարձել հիմնադրամներին եւ ծրագրերին, որոնք սպասարկում է կառավարությունը:

Մյուս ոլորտների պատասխանատուները եւս նշել են, որ 2016թ-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական ծախսերի եւ եկամուտների մեծ մասը հատկացվելու է աշխատակազմերի պահպանման ծախսերին:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել 2017 թվականին համայնքներին տրվելիք ֆինանսական հատկացումները, իսկ մարզպետներն ու նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել են նախատեսված ծրագրերն ու ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հակիրճ ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը գալիք տարում նախատեսվում է հատկացնել 54,7 մլրդ դրամ, կիրականացվի 44 բյուջետային ծրագիր: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հատկացումները ծրագրելիս հաշվի են առնվել մարմինների կառուցվածքային փոփոխություններն ու օպտիմալացման գործընթացը: Ընդհանուր առմամբ՝ 2017 թվականին համայնքներին հատկացվող դոտացիաները կկազմեն 48 մլրդ դրամ, այն ընթացիկ տարվա հատկացումներից ավելի է 940 մլն դրամով, ինչը պայմանավորված է համապատասխան օրենքում կատարված փոփոխությամբ:

Միգրացիոն պետական ծառայության ծախսերի համար կհատկացվի 224 մլն դրամ, որով կիրականացվի 5 բյուջետային ծրագիր:

ՀՀ մարզպետարաններին հատկացվող ֆինանսական միջոցներն էապես չեն տարբերվում ընթացիկ տարվա հատկացումներից. ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր մարզերին կհատկացվի 5,2 մլրդ դրամ, որից 4,1 մլրդ դրամը նախատեսված է աշխատավարձերի վճարման համար:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2017 թվականին պետական բյուջեից Երեւան քաղաքին հատկացվող գումարների վերաբերյալ տվյալները եւ ծրագրերը: Ընդհանուր առմամբ՝ Երեւանին հատկացվելու է 63 մլրդ 109 մլն դրամ: Ըստ այդմ՝ պետության կողմից պատվիրակված լիազորությունների բոլոր ուղղություններով իրականացման համար կհատկացվի 41 մլրդ 336 մլն դրամ, սուբվենցիաները կկազմեն 8 մլրդ 334 մլն դրամ, իսկ համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաները՝ 13 մլրդ 430 մլն դրամ:


01.11.2016
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղ...

01.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով բարեկամ Բելգիայի Սենատի նախագահին Հայաստանի խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ Բելգիայի օրենսդիր մարմինների միջեւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am