National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.11.2016
Շարունակվել են 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները
1 / 11

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 409 մլրդ դրամ, որը կազմում է պետական բյուջեի ավելի քան 30%-ը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ոլորտի ծախսային ծրագրերը:

Արտեմ Ասատրյանը հատկապես կարեւորել է 2017 թվականի պետական բյուջեով եւ կառավարության ծրագրով մեր երկրում նախատեսվող սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի եւ զբաղվածության ոլորտի բարելավմանն ուղղված քայլերն ու նոր ծրագրերի ներդրումը:

Նրա տեղեկացմամբ՝ 2017 թվականին նախատեսվում է ծրագրեր իրականացնել մինչեւ 24 տարեկան եւ երեխա ունեցող գործազուրկ կանանց համար. մասնավորապես, նրանց կտրամադրվի բարձրագույն մասնագիտական կրթության նախապատրաստման աջակցություն, ինչպես նաեւ՝ մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուների մոտ կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման ծրագրեր:

Իրականացվելու է նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող եւ մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու ծրագիր, ինչպես նաեւ շարունակվելու է բնակարանի կարիք ունեցող անձանց՝ անհրաժեշտության դեպքում բնակարանով ապահովելու ծրագիրը, որից առայսօր օգտվել է 10 ընտանիք. ծախսը կազմել է մոտ 7 միլիոն դրամ:

Անդրադառնալով զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015 թվականի փաստացի տվյալներով 969 անձ ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում, որից 870-ը աշխատանք է գտել: Ըստ նրա՝ գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագիրը եւս մոտ 100 տոկոսով է կատարվել: 2017 թվականին ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի 107 հազ.:

Արտեմ Ասատրյանը նաեւ տեղեկացրել է, որ երրորդ եւ հաջորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստի եւ ընտանեկան դրամագլխի համար 2015 թվականի տվյալներով փոխանցվել է 10 մլրդ դրամ, 6560 ընտանիք օգտվել է դրանից՝ մոտ 19318 անձ:

Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման խնդրին:

Նույն օրը Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտների հատկացումները:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` 2017 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 8.5 մլրդ դրամ: Նշվել է, որ 2016 թ.-ի ծրագրային ցուցանիշի հետ համեմատած առկա է 2.4 մլրդ դրամի նվազում: Ըստ պարոն Ջանջուղազյանի՝ նախարարության կողմից կիրականացվի շուրջ 14 ծրագիր:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին տրամադրվող միջոցներին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականին նախատեսվում է այս ոլորտին հատկացնել 2 միլիարդ 941 միլիոն դրամ, որից 1.4 մլրդ դրամը կուղղվի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերին:

Խոսելով ջրային տնտեսությանը հատկացվելիք գումարների մասին` ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ այս ոլորտին հատկացվել է 17 միլիարդ դրամ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` ոլորտում նախատեսվում է իրականացնել 14 ծրագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ 2017 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է բնագավառում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ այն է՝ հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ վարկերի մատչելիությանը: Ըստ նախարարի՝ գալիք տարում նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով հետեւողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում: 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող մի շարք ծրագրեր եւս:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, անդրադառնալով ոլորտում իրականացվելիք ծրագրերին, նշել է, որ կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման, շահագործման, գրունտային ջրերի մակարդակների եւ որակի որոշման, ինպես նաեւ հակահեղեղային միջոցառումների ուսումնասիրության եւ իրականացման ծրագրով նախատեսվել է հատկացնել 320 մլն 48 հազար դրամ, որով նախատեսվում է իրականացնել 160 կմ երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, ընթացիկ նորոգման աշխատանքներ եւ այդ աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն: Խոսելով կապիտալ բնույթի ծախսերից՝ Արսեն Հարությունյանը նշել է, որ 2017 թ.-ի ընթացքում ջրային տնտեսության բնագավառում հիմնական կապիտալ աշխատանքները կիրականացվեն համապատասխան միջազգային կազմակերպություններից ներգրավվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին՝ կազմելով 9 մլրդ 821 մլն 762 հազար դրամ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ 2017 թվականին ոլորտում նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր, որից 7-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ուղղված ծրագրերն են: Դրանցից է «Թափոնների ուսումնասիրման ծառայություններ» ծրագիրը, որի նպատակն է վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, առաջացած թափոնների հաշվառումն ու դասակարգումը եւ այլն: Խոսելով «Ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացում» ծրագրից՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 55 ջրային օբյեկտներում՝ ներառյալ խոշոր ջրամբարներում եւ գետերում, իրականացնել 40-60 աղտոտիչների 131 դիտարկում: Նախարարի տեղեկացմամբ՝ «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 125 մլն 400 հազար դրամ. ծրագրով նախատեսվում է իրականացնել 93 հա մաքրման աշխատանքներ:



02.11.2016
Հանդիպումներ Իտալիայի Հանրապետության Սենատում
Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանն Իտալիայի Հանրապետության Սենատում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լ...

02.11.2016
Կորյուն Նահապետյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին
Հոկտեմբերի 26-29-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Հռոմում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի միջերկրածովյան եւ մերձավոր արեւելյան հատուկ խմբի եւ վեհաժողով...

02.11.2016
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահները
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:55-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am