Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանն Իտալիայի Հանրապետության Սենատում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լատորեի եւ Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա դե Բիասիի հետ: Հանդիպումներին մասնակցել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:
Նիկոլա Լատորեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-իտալական հարաբերությունների զարգացման եւ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահի` Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցելու պատրաստակամությունը եւ աշխատանքային այցով հրավիրել նրան Հայաստան:
Հանձնաժողովների նախագահներն անդրադարձել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում ՀՀ Սահմանադրության կենսագործման ընթացքին, Իտալիայում դեկտեմբեր ամսին անցկացվող սահմանադրական հանրաքվեին:
Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Էմիլիա դե Բիասիի հետ հանդիպմանը Կորյուն Նահապետյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի կատարած աշխատանքները` առանձնացնելով ՀՀ Ազգային ժողովում վերջերս կազմակերպված քննարկումը` նվիրված գիտության եւ կրթության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցությանը: Քննարկվել են նաեւ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ կապերի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկներ: