National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2023
ՍԱՏՄ-ն աշխատում է ՌԴ-ի հետ, որ օր առաջ բացվի ռուսական շուկան հայկական ընկերությունների համար. Վահան Քերոբյան
1 / 3

Մայիսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ ֆերմերները դժգոհում են. կաթի գինը նվազել է, ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ի նշան բողոքի, քաղաքացիները նույնիսկ ճանապարհ են փակել: Պատգամավորը հարկ է համարել նշել նաեւ, որ ինքը հանդիպել է տարբեր ֆերմերների, որոնք փոխանցել են՝ 3,2 տոկոս յուղայնությամբ կաթի արժեքը տատանվում է 120-130 դրամի սահմաններում: Նարեկ Գրիգորյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ խոշոր եղջերավոր կենդանիներին մորթի չենթարկեն:

«2021 թվականին կաթի գինը նույնն էր, ինչ հիմա: Այժմ ստանդարտ գներին ենք վերադարձել: Դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառով երկրում կաթի ավելցուկ կա: Մեր թիմերն աշխատում են, որ խնդիրը լուծում ստանա»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է՝ ավանդական ձեւերով կթված կաթը չունի նույն որակական հատկանիշները, ինչն ունի բարձրակարգ ֆերմայում կթված կաթը, հետեւաբար՝ ավելի էժան է մթերվում: «Ժամանակակից սարքավորումներ ու բարձր արտադրողականություն ունեցող որեւէ ընկերություն կաթի գնի խնդիր չունի»,- ընդգծել է նախարարը:

Վահան Քերոբյանը հայտնել է նաեւ, որ կաթի արտահանումով զբաղվող ընկերություններն այսօր խնդրի առաջ են կանգնած. ՍԱՏՄ-ն ու ՌԴ գործընկերներն աշխատում են, որ օր առաջ բացվի ռուսական շուկան հայկական այն ընկերությունների համար, որոնք համապատասխանում են բարձր չափանիշներին:

Նարեկ Գրիգորյանն արձագանքել է նախարարի խոսքին ու հայտնել, որ Գեղարքունիքի մարզում խելացի անասնագոմ հիմնելը ձեռնտու չէ:

«Հնարավոր է՝ կաթի ցածր գնի պատճառով խոշոր եղջերավոր կենդանիների մորթ սկսվի, կգտնվի մի հարուստ, որը կաթի փոշի կներկրի, դրանով կաթ կստեղծի, բայց դա անվտանգային սպառնալիք է, հարցին ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասել է պատգամավորը:

«Փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ կխթանվի ժամանակակից տեխնոլոգիաներով բարձր արտադրողականությամբ խոշոր եղջերավոր անասնապահությունը: Մարդիկ պետք է հարմարվեն նոր պայմաններին ու հասկանան` այն, ինչ աշխատել է 20 տարի առաջ, այլեւս չի աշխատելու»,- ասել է Վահան Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: