National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.11.2016
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
1 / 13

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանության համար ՀՀ պետական բյուջեից գալիք տարվա համար նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին ՄԻՊ աշխատակազմին նախատեսված է հատկացնել 250,7 մլն դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 4 միլիոնից ավելի դրամով:

Ոլորտի ծրագրերին եւ առաջնահերթություններին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը, ով տեղեկացրել է, որ ՄԻՊ աշխատակազմում կատարվել են որոշ կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվել են բաժիններ, որոնք զբաղվելու են երեխաների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ: Նախատեսվում է Եվրախորհրդի հետ համատեղ ծրագիր իրականացնել, որը վերաբերելու է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

Ի պատասխան պատգամավորների հարցման՝ Պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատանքներ է իրականացնում նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի առնչությամբ. նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց նպատակը հետագայում նման մտահոգիչ դեպքերի կանխարգելումն է:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՄԻՊ գրասենյակը քաղաքացիներից ստացել է շուրջ 4000 բողոք, որոնցից 337-ում առաջարկներ են արվում փոփոխություններ կատարել տարբեր իրավական ակտերում: Ըստ Պաշտպանի՝ քաղաքացիները հիմնականում բողոքել են ոստիկանությունից, քրեակատարողական հիմնարկներից, դատարաններից, քննչական մարմիններից, դատախազությունից եւ այլն:

Նշվել է, որ ՄԻՊ աշխատակազմում գործում են թեժ գիծը եւ արագ արձագանքման խմբերը, որոնց միջոցով էլ լուծվում են որոշ խնդիրներ: Նախատեսված է ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում եւս ունենալ ՄԻՊ ստորաբաժանումներ, ուժեղացնել գործողները: Արման Թաթոյանը կարեւորել է ՄԻՊ գրասենյակի հետ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկախ փորձագետների համագործակցությունը՝ նշելով, որ առայսօր այդ համագործակցությունն արդյունավետ իրականացվում է, սակայն նպատակ կա հետագայում այն զարգացնել եւ դարձնել առավել արգասաբեր:

Պատգամավորներն Արման Թաթոյանին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության հարցին, բերման ենթարկված քաղաքացիների պաշտպանությանը, կանանց, երեխաների, ազատազրկվածների, զինծառայողների իրավունքներին եւ այլն:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին հանձնաժողովը նախաձեռնել է անցկացնել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվեն ոլորտին վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները: Նա նշել է, որ 2017 թ. նախատեսվում է ստանալ շուրջ 9.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհ: Նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները կկազմեն 9.7 մլրդ դրամ, որը ներառում է ինչպես Եվրահանձնաժողովի, այնպես էլ եվրոպական ծագում ունեցող այլ աղբյուրներից դրամաշնորհների ստացումը: Վարկային միջոցները կկազմեն 4.3 մլրդ դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտում իրականացված եւ նախատեսված ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ 2016 թ. ընթացքում փոխգործակցությունն ակտիվ է եղել, իրականացվել են երկկողմ փոխայցեր եւ միջոցառումներ, ստորագրվել են փաստաթղթեր: Պարոն Նազարյանն անդրադարձել է վիզաների դյուրացման եւ շարժունակության խրախուսման ուղղությամբ իրականացված քայլերին:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ արդեն իսկ տեղի է ունեցել բանակցությունների 6 փուլ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ավարտին հասցնել այդ կարեւորագույն գործընթացը:

Պարոն Նազարյանը տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ ստորագրվել են երկու կարեւոր համաձայնագրեր՝ «Ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME)» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ Եվրոպական միության Հորիզոն-2020» ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագրերը: Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ համաձայնագրերի վերաբերյալ: Նշվել է, որ ներքին համաձայնեցման փուլում է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու հարցը. 2016 թվականին մեր երկիրը պաշտոնապես դիմել է այդ ծրագրի մշակույթի բաղադրիչին միանալու համար:

Կարեն Նազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինվել է գործընկերության առաջնայնություններով, ինչը բխում է ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացից. ԵՄ-ն նորովի է մոտենում իր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը: Առաջիկայում կնախանշվեն գործընկերության առաջնայնությունները, որոնք կարտացոլեն ՀՀ շահերը: Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2017-2020 թթ. բյուջետային աջակցության ծրագիրը համահունչ է լինելու ընտրված գործընկերության առաջնայնություններին:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ալեքսանդր Արզումանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ արտաքին հարաբերությունների գծով «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում արտացոլված ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները: Նախագծով արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսված է 13 մլրդ 589 մլն դրամ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ այդ գումարը բաշխվելու է հետեւյալ ուղղություններով` 9 մլրդ 679 մլն դրամ՝ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանմանը, 1.5 մլրդ դրամ հատկացվելու է ԱԳՆ ապարատի պահպանմանը: Փոխնախարարի տեղակացմամբ՝ ԱԳ նախարարությունը կիրականացի 10 բյուջետային ծրագիր: Փաստաթղթով ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գործակալության համար նախատեսված է 157.4 մլն դրամ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է արտաքին հարաբերությունների ոլորտում գերատեսչության գործունեությունը՝ այն է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ու ռազմավարական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը, անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորումը, ԱՊՀ անդամ պետություների հետ հարաբերությունների խորացումը՝ փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման ուղղությամբ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծավալվող համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության շարունակական խորացումը ՀՀ անվտանգության համակարգի ներուժի բարձրացման նպատակով, Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, ԵՄ հետ երկկողմ համագործակցության նոր իրավական շրջանակի ձեւավորումը եւ այլն:



03.11.2016
Կիեւում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի երկու հանձնաժողովների համատեղ նիստ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Կիեւում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի ու Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղ...

03.11.2016
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Եռաբլուր
Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 19-րդ տարելիցը: ...

03.11.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել են...

03.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am